«Թշնամանք հրահրողներին «նախկին» շեֆիդ շրջակայքում փնտրիր»․ — Լիզա Ճաղարյան

Մի քանի կայք բացեցի. բոլորը գլխապատառ պատրաստակամությամբ հրապարակել էին Ռոբերտ Քոչարյանի նախկին ռեֆերենտ, այդ նույն Ռոբերտ Քոչարյանի անթաքույց համակիր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին ԱԺ պատգամավոր, այժմ «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնող Վահե Հովհաննիսյանի հոդվածը։

Ինչու՞։ Ի՞նչն այսպես «հմայեց» կայքերի տերերին, «ուժեղ ձեռքի» կարոտա՞խտը, թե՞ «սոլիդ» իշխանության աքացիները։

Ի՞նչ է ասում պարոն Հովհաննիսյանը։

Ահազանգում է, որ «այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին»։

Իբր՝ անտեղյակ է, թե որտեղից են սնվում այդ թշնամանքն ու ագրեսիվությունը։ Եթե չգիտի, հուշում եմ՝ թող իր նախկին ղեկավար Քոչարյանին ու նրա մերձավորներին հարցնի, ՀՀԿ-ական կոռումպացված վերնախավին ու սրանց ղեկավար Սերժիկ Սարգսյանին, մեկ էլ՝ սրանց հերոսացնող հացկատակներին։

Դե ոչինչ, որ պարոն Հովհաննիսյանը երանելի հեշտությամբ մոռացել է, որ քսան տարի շարունակ Հայաստանի քաղաքացիների հոգիներում քլթքլթացող ատելությունն անսահմանության «սահմանն» էլ էր հատել, եւ թե այս հեղափոխությամբ հասարակության մի շատ պատկառելի հատվածի ագրեսիվությունն ու թշնամանքը դեպի նախկինները, բարեբախտաբար, ոնց իններորդ ալիքի պես չսրբեց-չտարավ մեղավորին էլ, անմեղին էլ։

Ոչինչ, որ պարոն Հովհաննիսյանը մոռացել է այդ նույն հասարակությանը եւ «բարեկամ» իշխանությանը բաժանող փշալարերը, ջրցան մեքենաները, ռեզինե մահակների անտառը, պարբերաբար կրկնվող ջարդերը, «դալաններում» քաղաքացիական հագուստով «մենթերի» ու թաղի խուժանի հարձակումները նախկին իշխանությունների հետ «հաշտ-համերաշխ» քաղաքացիների նկատմամբ։ Անտեսենք նաեւ, որ պարոն Հովհաննիսյանի թվարկած Ամուլսարն էլ, «ազգակործան» կոնվենցիան էլ, Արցախի հարցի անորոշությունն էլ, «Երեւանի աղբի» խնդիրն էլ (կույր պետք է լինել կամ անասելի անազնիվ՝ խնդրի լուծման ուղղությամբ քաղաքապետարանի ջանքերը չտեսնելու համար) ներկա իշխանությունը ժառանգություն է ստացել նախկիններից։

Դառնանք ներկա պահին ընթացող դատավարություններին եւ Մարտի 1-ին։ Չգիտեմ ինչու, սիրտս հուշում է, որ թվարկվածներից հենց այս երկու խնդիրներն են Հայաստանի շատ մտահոգ քաղաքացի Վահե Հովհաննիսյանին ամենաշատը մտատանջում, իսկ թե ինչու, դժվար չէ գլխի ընկնել՝ թերթելով հոդվածագրի անցած քաղաքական ճանապարհը։

Եվ ուրեմն, ագրեսիվության ու թշնամանքի բավարար հիմք չէին մի քանի տասնյակ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների սպանություններն ու «ինքնասպանությունները», ագրեսիվության ու թշնամանքի հիմք չէր Հոկտեմբերի 27-ի նախճիրը, ագրեսիվության ու թշնամանքի պատճառ չէին ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում եւ ոստիկանական բաժանմունքներում խաղաղ ցուցարարների ջարդն ու խոշտանգումները, հիմք չէին երկու հարյուրից ավելի քաղբանտարկյալների նկատմամբ հալածանքները, ունեզրկումներն ու ձերբակալությունները, ընդգծեմ՝ անմե՛ղ մարդկանց, ագրեսիվության ու թշնամանքի հիմք չէր տասն անմեղ մարդու սպանությունը, սահմռկեցնող չափերի հասնող ալան-թալանը, բայց ահա հիմա ագրեսիվության ու թշնամանքի հիմք է դարձել ընդամենը 3 մարդու ձերբակալությունը։ Թարմացնեմ պարոն Հովհաննիսյանի մշուշված հիշողությունը. Նախկինների իշխանության տարիների այս աղաղակող բռնությունների դեմ այս հոդվածագրի ծպտունը չի լսվել «թշնամանքի ու ագրեսիվության եզրին» հասնելու վտանգի մասին։ Հիմա, երբ բանտախցում են ընդամենը Մանվել Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, պարզվում է՝ քաղաքացիական պատերազմի շեմին ենք։ Ա՛յն դեպքում, որ այս մարդիկ մեղադրվում են ծանրագույն հանցագործությունների համար, իսկ նախկինում ազատազրկվածներն ընդամենը պայքարում էին արդարության համար։

Ու՞ր էիք այդ տարիներին, պարոն Հովհաննիսյան, ինչու՞ չէիք մորմոքվում Հայաստան պետության գահավիժման համար։

Դուք ավելի լավ կիմանաք, թե ինչու, իսկ քսան տարվա մեր տեսածն ու ապրածը հուշում են, որ հիմա բանտերում ասեղ գցելու տեղ չպետք է լիներ, պարոն «սոլիդ» Հովհաննիսյան։

Եվ եթե հասարակությունը հիմա արդարացիորեն դժգոհում է ներկա իշխանությունից, ապա առաջին հերթին դժգոհում է այն պատճառով, որ պատժվողներին հաշվելու համար մեկ ձեռքի մատներն էլ են բավարարում, իսկ դրանք պետք է մի քանի հարյուրի սահմանն էլ հատած լինեին։

Եվ եթե հասարակությունը հիմա հիասթափության նշաններ է ցույց տալիս իշխանության նկատմամբ, ապա նախեւառաջ մտահոգված է, որ թալանչիների ու մարդասպանների մեծ մասը դեռ ազատություն է վայելում։Չեմ զարմանում, որ Վահե Հովհաննիսյանն ու մնացած «խաղաղության աղավնիները» սկսել են կարոտել «ուժեղ ձեռքին» («բա Ռոբը չըլներ, սրանց սատկըցներ»)։

Զարմանում եմ, որ կայքից կայք խլվող իր թունդ ազդեցիկ վերլուծության մեջ որպես հերոս Պողոսին է ընտրել։ Պարոն Հովհաննիսյանը սա էլ է մոռացել։ Մոռացել է, որ Հայաստանի հանրությունը Պողոս ասելիս այլ պատմություն է հիշում։

Հիշում է, թե ինչպես մի օր «սոլիդ» Քոչարյանի թիկնապահները «Առագաստ» սրճարանի զուգարանում հոշոտեցին Պողոս Պողոսյան անուն-ազգանվամբ մի Վրաստանի քաղաքացու՝ «սոլիդ» Ռոբի նկատմամբ «սոլիդության» կանոնները միամտաբար խախտելու համար, եւ մարդասպանները մեկ օր անգամ բանտախցում չնստեցին, նույնիսկ մեղադրյալի աթոռին լայաղ չարեցին նստել, «սոլիդ» Քոչարյանն էլ շատ ափսոսեց, որ վռազ-վռազ սպանեցին Պողոսին, ու ինքը չհասցրեց նրան «մի քանի բան» ասել։Խաղաղասիրական խորհուրդս լսեք եւ ձեր հետագա հոդվածների համար ուրիշ անուն ընտրեք, պարոն հոդվածագիր։

Ի դեպ, Վահե Հովհաննիսյանը կարող է տարակուսել, թե «սոլիդ» ասելով, «ուժեղ ձեռքի» մասին ակնարկելով ամենեւին էլ նկատի չի առել իր նախկին ղեկավարին։ Հնարավոր է։Ես էլ տարակուսում եմ, թե 20 տարի շարունակ ռոբասերժիկների հաստատած ագրեսիվության ու թշնամանքի պայմաններում, մինչեւ կոկորդը նախկինների նկատմամբ ատելությամբ լցված հանրությանն ինչու չէր պարոն Հովհաննիսյանը «լուսավորում»՝ ահազանգելով «սոլիդ» իշխանության անհրաժեշտության մասին եւ ինչու չէր մորմոքում վերահաս կործանման վտանգների մասին։

Եվ առհասարակ, որքան էլ ներկա իշխանությունից դժգոհ լինեն «պողոսները», ի գիտություն պարոն հոդվածագրի ասեմ, որ խելքներն այն աստիճանի չեն թռցրել ու երբեք էլ չեն թռցնի, որ չգիտակցեն՝ «թշնամանքի ու ագրեսիվության եզրին» հասցնելու բոլոր փորձերն անում են նախկինները, եւ նրանց հոգսն ամենեւին էլ Հայաստան պետությունը չէ (եւ երբեք էլ չի եղել), սրանց առաջնորդում է իրենց թալանը եւ ազատությունը կորցնելու սարսափը։

Եվ ճիշտ էլ անում են, որ սարսափում են։

Նյութի աղբյուր՝ ILur.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ