Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն օրինական է, բայց․․․

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի խափանման միջոց կալանքի դեմ նրա պաշտպանի բողոքը: Վարույթ չի ընդունվել նաև դատախազության բողոքը՝ Սարգսյանին վերագրվող ապօրինի հարստացման հոդվածում գործողությունը կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկած չտեսնելու որոշման դեմ:

Նշենք, որ Լյովա Սարգսյանը 2018 թվականի հուլիսին որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում: Առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Սարգսյանի խափանման միջոցի հարցը, սակայն մեկ տարուց ավելի քննվել է դատարաններում, քանի որ նրա պաշտպանական կողմն ու դատաախազությունը բողոքներ են տարել այդ հարցով դատարանների որոշումների դեմ:

Դատախազության և Սարգսյանի պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարան բողոք էր տարվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի որոշման դեմ, որով անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ Լյովա Սարգսյանին վերագրվող  ապօրինի հարստացման հոդվածում առկա չէ հիմնավոր կասկած, իսկ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու հոդվածում առկա են հիմնավոր կասկած և կալանքի հիմքեր:

Ապօրինի հարստացման հոդվածը դասվում է ծանր հանցագործությունների, իսկ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Լյովա Սարգսյանի պաշտպանական կողմը պնդում է, որ եթե նրան վերագրվող ծանր հանցագործության՝ ապօրինի հարստացման հոդվածում առկա չէ հիմնավոր կասկած, ապա ոչ մեծ ծանրության հանցանքի համար կալանավորումն անթույլատրելի է: Դատախազությունն էլ գտնում է, որ թեև հայտարարագրման ենթակա գույք թաքցնելու հոդվածով Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն օրինական է՝ հիմնավոր կասկած առկա է նաև ապօրինի հարստացման հոդվածում: Վճռաբեկ դատարանը, փաստորեն, երկու բողոքներն էլ վարույթ չի ընդունել:

Նշենք, որ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու առթիվ հարուցված քրեական գործով անցնում են նաև Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը:

Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»: Քրեական գործի շրջանակներում Նարեկ և Անի Սարգսյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նյութի աղբյուր՝ հետք

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ