«Լավ տղա» հասկացությունը պետք է դուրս շպրտվի մեր հանրային կյանքից՝ թեկուզ ուժ կիրառելով

Կառավարությունը հաստատեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար:

Այս առնչությամբ փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ողջունում է այդ նախաձեռնությունը, և  իշխանափոխությունից հետո հենց ինքն է հանդես եկել այդ գաղափարի ներմուծմամբ. «Այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում գողական կամ, այսպես ասած, հանցավոր աշխարհը դիտարկում եմ որպես ներքին մարտահրավեր, որը շատ լուրջ բացասական ազդեցություն ունի մեր կենցաղում, բակում, փողոցում»:

Նրա խոսքով՝ այդ հանցավոր արժեքները ներթափանցել են նաև զինված ուժեր՝ դրա ողբերգական հետևանքներով հանդերձ. «Կարծում եմ, որ ներկայումս դեռևս ՀՀ ՔԿ բոլոր հիմնարկներում տիրում է այդ արժեքային համակարգը, և ըստ էության, ՔԿՀ-ները, պատկերավոր ասած, քրեական դպրոցներ են, որտեղ դաստիարակվում են այդ հանցավոր արժեքներով կամ գաղափարախոսությամբ, և ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո այն կրող անձինք դրա բացասական հետևանքները իրենց հետ բերում են հասարակություն»:

Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ նախորդ քաղաքական իշխանության ժամանակ այդ հանցավոր աշխարհի որոշ ներկայացուցիչներ ուղղակի սերտաճել էին քաղաքական իշխանության հետ. «Ավելին՝ նրանցից ավելի «ժուլիկները» անգամ ներթափանցել էին օրենսդիր, ինչու չէ՝ նաև գործադիր իշխանություն՝ ապականելով ՀՀ պետական կառավարման համակարգը»:

Փաստաբանի խոսքով՝ այժմ նոր իշխանությունները փորձ են անում ջարդել այդ համակարգի գլուխը ամբողջությամբ, ինչը հնարավոր չէ չողջունել. «Իսկ ընդհանրապես իդեալական օրենք չի լինում: Ես համոզված եմ, որ օրենքը ժամանակի փորձությունը կանցնի, կլինեն նաև թերություններ և շտկումների անհրաժեշտություն: Ի վերջո, ցանկացած օրենքի թերություններն ի հայտ են գալիս կիրառումից հետո»:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ