Վազգեն Մանուկյանի կարևոր բացահայտումը, կամ՝ որտեղ փնտրել ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերը

«Երբ որ մենք 90 թվին եկանք իշխանության՝ քննարկում էինք ԿԳԲ-ի արխիվների բացել-չբացելու հարցը»,- «30 րոպե» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Դեռ որոշված չէր, բացել այդ արխիվները, թե ոչ, բայց ես ուզում էի դրանց ծանոթանալ։ Պարզվեց, որ Խորհրդային Միությունը շատ ավելի խելոք էր, քան ենթադրում էի․ մեր իշխանության գալուց մի քանի օր առաջ ԿԳԲ-ի ամբողջ փաստաթղթային մասն ինքնաթիռներով տեղափոխվել էր Սմոլենսկ։ Դիմեցի ԽՍՀՄ ղեկավարությանը՝ ԿԳԲ-ի պետին, Գորբաչովին, ասելով, որ այդ արխիվները պիտի ամբողջությամբ վերադարձվեն Հայաստան», – նշել է Մանուկյանը:

Իհարկե, արխիվներն այդպես էլ Հայաստան չեն վերադարձվել, սակայն Հայաստանի անվտանգության ծառայության հետագա ղեկավարներից մեկը՝ Սերժ Սարգսյանը դրանց ծանոթացել է։ Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու Ռուսաստանում չեն վստահել Երրորդ հանրապետության առաջին ղեկավարներին, սակայն «բարի» են գտնվել Սերժ Սարգսյանի հանդեպ։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Հայաստանի առաջին վարչապետն, իհարկե, ոչ այնքան սենսացիոն, այնուամենյանիվ՝ կարևոր բացահայտում է արել, ընդ որում՝ ոչ թե պատմության բացահայտման տեսանկյունից, այլ հատկապես՝ մեր օրերի շատ իրողություններ հասկանալու համար։

Սովետական հատուկ ծառայությունները Հայաստանից արխիվը հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են իրենց հարազատ կոմունիստական իշխանության տապալման վտանգը։ Սա Մոսկվայի փաստացի թշնամական վերաբերմունքն է համազգային շարժման իշխանության հանդեպ։

Սակայն Մոսկվան լուծել է ավելի պրակտիկ խնդիրներ։

Մի կողմից վերացվել են նախկինում կատարված հնարավոր հանցագործությունների հետքերը, մյուս կողմից՝ Մոսկվան պահպանել է վերահսկողությունը իր գործակալական ցանցի նկատմամբ, որը փաստորեն՝ որպես «հինգերորդ շարասյուն», օգտագործվել է Երրորդ հանրապետության դեմ։

Այս գարնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սենսացիոն բացահայտում արեց՝ ասելով, որ նախորդ տարի ամռանը բացահայտել են, որ ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացվել։ Կասկածից վեր է, որ այս «խորհրդավոր անհետացումը» նույնպես ռուսական հետք ունի ու ձեռագիրը գրեթե նույնն է։ Մոսկվայում կանխատեսել են, որ քրեաօլիգարխիկ համակարգի վասալային ռեժիմն անկում է ապրում ու, ամենայն հավանականությամբ, հեղափոխության հաղթանակի նախօրյակին երկրից հանվել են կամ ոչնչացվել են կարևոր փաստաթղթեր։

Կան լուրջ վարկածներ, որ Հայաստանում անցած քսանամյակում կատարված լուրջ հանցագործություններն, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը, ունեն, այպես ասած, ռուսական հետք ու բնական է, որ Մոսկվան հետքեր մաքրելու անհրաժեշտություն ուներ։ Մյուս կողմից՝ ռուսական ծառայությանը հավատարիմ կմնան բազմաթիվ գործակալներ, որոնց տվյալներին տիրապետում են միայն Մոսկվայում։

Երրորդ հանրապետության ստեղծումից անցել է մոտ երեսուն տարի, սակայն Հայաստանի ԱԱԾ-ում տեղի ունեցած «խորհրդավոր անհետացումները» հուշում են, որ սովետա-ռուսական ձեռագիրը չի փոխվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ