Կա հսկայական ռեսուրսներ ունեցող նախկինների քարոզչական կուռ մեքենան

Հայաստանում, մեղմ ասած, քարոզչական-տեղեկատվական պատերազմ է, եւ իշխանություններն այդ պատերազմում այս պահին ամենեւին էլ հաղթող դիրքերում չեն: Թեեւ դրա համար ունեն բոլոր նախադրյալները, եւ ամենակարեւոր նախադրյալը՝ դիմացինի քարոզչության հիմքը սուտն է: Բայց իշխանությունը հաղթող դիրքում չէ, որովհետեւ նախկինները իրենց «խոսքը» հասցնելու եւ տարածելու հարցում գործում են ճիշտ, իշխանությունները` ոչ: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Հատկապես՝ եթե հաշվի առնենք այն, որ նախկինների հակաքարոզչությունն ինքնանպատակ չէ: Այն հստակ քաղաքական գիծ է, որը կոնկրետ քաղաքական նպատակներ է հետապնդում: Եւ եթե իշխանությունները չհասկանան, որ (ամենեւին էլ ոչ պատահականորեն) երբ նախկինների թիրախում կոնկրետ իրենցից մեկն է հայտնվում, եւ իրենք բավարար չափով ուշադրության չեն արժանացնում դա, այդպիսով հենց իրենց են թուլացնում, որովհետեւ թիրախում իրենք են ոչ թե որպես առանձին անհատներ, այլ որպես մեկ ամբողջականություն: Պարզապես, անհատական հակաքարոզչության տարբերակն ավելի արդյունավետ է, եւ այդ մասին քիչ ներքեւում:

Այո, օբյեկտիվորեն այնպես է ստացվել, որ նախկինների լրատվական եւ ֆինանսական ռեսուրսները քանակական առումով ավելի շատ են։ Բայց ներկաներն ունեն վստահության այնպիսի չափաբաժին, որ ճիշտ աշխատելու դեպքում կարող էին հակազդել լայնածավալ տեղեկատավական ահաբեկչությանը: Ինչը, սակայն, նրանք ոչ միայն չեն անում, այլեւ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ չեն վերահսկում անգամ սեփական տեղեկատվական ռեսուրսներն ու հոսքերը:

Ինչպե՞ս են քարոզչական դաշտում աշխատում նախկինները: Առաջին հերթին` կազմակերպված, բանակային կանոններով, երբ ամեն մեկը գիտի իր հստակ անելիքը, կա հստակ հիերարխիա, եւ կատարողները ինքնագործունեություն չեն ծավալում:

Դրա շնորհիվ էլ նրանք ստեղծում են այնպիսի տեղեկատվական հոսքեր, որ  ստիպում են իշխանություններին անընդհատ հանդես գալ պատասխանողի դերում, եւ միաժամանակ իրենց աշխատանքն անում են այնպես, որ երբեմն միայն մասնագետները կարող են նկատել լրատվական հոսքի կազմակերպվածությունն ու ուղղությունը:

Նախկինները բոլորից լավ գիտեն իշխանության իրական վարկանիշն էլ, իրենցն էլ, հենց այդ պատճառով էլ մեթոդները ծրագրում են՝ ելնելով օբյեկտիվ իրողությունից` նպատակ ունենալով քարոզչության արդյունքում փոխել իրերի դրությունը: Նրանք ներսում ինքնախաբեությամբ չեն զբաղվում, թե մեկ է` մի օր իշխանության վարկանիշն ընկնելու է, եւ կամ թե` մարդիկ իրենց պիտի կարոտեն եւ հետ կանչեն քաղաքականություն: Նրանք գիտեն, որ իշխանությունը մեծամասնության վստահությունն է վայելում, եւ պարզ խնդիր են դրել` քանի կարող են՝ մաշեցնել հանրային վստահությունը, թուլացնել իշխանությանը, եւ եթե անգամ կարողանան, դա անել այն աստիճանի, որ իշխանության վերադառալու հնարավորություն ունենան: Գիտեն նաեւ, որ ժամանակը սուղ է, որովհետեւ իշխանությունը կարող է ուժեղ լինել եւ երկարատեւ ազատազրկումների ուղարկել իրենց հովանավորներին, իսկ այդ դեպքում փողով հակաքարոզչություն իրականացնողների մեծ մասը ոչ մի շարժառիթ չի ունենա այլեւս պայքարելու իշխանությունների դեմ:

Սա գլխավոր նպատակն է:

Երբ նպատակը հստակ է` որոշվում են մեթոդները:

Մեթոդների հարցում որեւէ խտրականություն չկա, բարոյական ոչ մի սահմանափակում` կին, երեխա, ծնող՝ ցանկացած թեմա շահարկել կարելի է:

Հետո սկսվում է թիրախավորված քարոզչությունը: Դա արդյունավետ է, քանի որ այդպիսի անհատական տեղեկատվական գրոհների պարագայում թիրախավորվում է մեկ կոնկրետ պաշտոնյա, եւ նրա շուրջ տեղեկատվական այնպիսի աղմուկ է ստեղծվում, որ նա, մի կողմից, կորցնի հանրային վստահությունը, մյուս կողմից էլ` իշխանության նյարդերը տեղի տան, եւ նա կկվի նման «զոհաբերի» թիրախ դարձած պաշտոնյային: Ընդ որում, եթե ուշադրություն դարձնենք, թիրախավորվում են հիմնականում նրանք, ովքեր հենակետային են, նրանք, ովքեր իրականում աշխատում են, ուժեղ են եւ կարող են իրենց աշխատանքով ամրացնել իշխանության դիրքերը: Հատիկ-հատիկ թիրախավորելով եւ թուլացնելով ուժեղ «ամրակները»՝ ամբողջական ապամոնտաժումն, իրոք, դառնալու է արդեն տեխնիկայի հարց:

Հաջորդ մեթոդը «բաժանիր-տիրես» մեթոդն է: Անհատական թիրախավորման ժամանակ ընտրում են երկու լավ աշխատող կամ հանրային համբավ ունեցող պաշտոնյաների, նրանցից ավելի լավ աշխատողին դարձում հակաքարոզչության թիրախ, մյուսին` զուսպ, բայց տեսանելի գովասանքի: Արդյունքում՝ հանրության մոտ պետք է ստեղծվի ներքին հակասությունների տպավորություն, իսկ ճիշտ քարոզչության եւ պաշտոնյաներից որեւէ մեկի ամբիցիաների պարագայում էլ կարող է սկսվել իրական ներքին անառողջ մրցակցություն:

Շահարկվող թեմաների հարցում էլ աշխատեցնում են փորձվածները, այն բոլոր թեմաները, որոնց հարցում նկատելի է հանրային բարձր զգայականություն` Արցախ, պատերազմ, Եկեղեցի, Կրոն, ընտանիք, ավանդական արժեքներ, միասեռականներ, արեւմտյան դավադիրներ: Եւ իհարկե, այս ամենը համեմվում է բացահայտ ստով, ապատեղեկատվությամբ, խեղաթյուրմամբ, եւ տեղեկատվական պատերազմի այդ մեքենան սկսում է աշխատել. թիրախներին ընտրողներն ու թեմաների բովանդակությունը որոշողները իրենց գործն են անում, շրջանառողները շրջանառում են, տարածողները` տարածում, մեկաբանողները` մեկնաբանում, անաչառության քողի տակ հանդես եկողները` իբր պատահաբար «դամ պահում», լայքողներն էլ` լայքում:

Իսկ իշխանության մոտ իդիլիա է: Ավելի ճիշտ` մի իրավիճակ, երբ չես հասկանում՝ ով ինչ է խոսում, երբ եւ ինչու: Սրան գումարվում է նաեւ այն, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք իրենք են մտնում նախկինների կողմից տեղեկատվական դաշտ նետված թեմաների տարածման մեջ, հանդես գալիս որպես այդ թեմաների ջատագովներ` կարծես չհասկանալով, որ կեղծ մեղադրանքների նպատակով ստեղծված թեմաների ջատագովը դառնալով` ավտոմատ միանում են իշխանությունների հասցեին հնչող նախկինների մեղադրանքներին եւ դրանց միս ու արյուն են տալիս:

Սրան գումարվում է այն, որ իշխանության ներսի մարդիկ հաճախ իրենք են իրենց գործընկերներին դարձնում թիրախ:

Եւ ամենակարեւորը, այս մեկ տարվա ընթացքում իշխանությունները լրատվական-տեղեկատվական դաշտում որեւէ էական քայլ չեն արել նախկինների կատարած հանցանքների մասին այնպիսի հրապարակումներով, ինչը նախկինում այդպիսի ռեսուրսներով անհնար էր անել, եւ որոնց պարագայում օրակարգ թելադրողը արդեն իշխանությունը կլիներ:

Հանրային հեռուստաընկերությունը մեկ տարվա ընթացքում այդպես էլ ոչ միայն չջարդեց ԼՂ հիմնախնդրի, Արցախի եւ Մարտի մեկի հարցում նախկինների տեղեկատվական ստերը, այլեւ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե Հանրայինը շարունակում է ղեկավարվել նախկինների կողմից: Խոսքը այն նույն Հանրայինի մասին է, որտեղ մինչեւ հեղափոխությունը գրաքննվում էր ամեն խոսք ու կադր, ու բոլորը գիտեին՝ ինչ պետք է ասել եթերում եւ ցույց տալ, եւ ինչ չի կարելի երբեք ասել: Հեռուստաալիք, որտեղով նախկինում ամեն օր եթեր էին հեռարձակվում քաղաքական դաշտի հիմնական միֆերը եւ կեղծիքները:

Փոխարենն այսօր ունենք իրավիճակ, երբ Մարտի 1-ի թեման լուսաբանվում է ապշելու աստիճան ոչ պրոֆեսիոնալ, նույն իրավիճակն է Արցախի հարցում, թեեւ հսկայական արխիվ ունեցող Հանրայինը ընդամենը իր արխիվից նախկինների մի քանի հարցազրույցներ հանելով եւ եթեր տալով` կարող էր հսկայական հակահարած հասցնել այս հարցերի մասին տարածվող տարատեսակ առասպելներին: Մի քանի ռեպորտաժներ չհաշված՝ Հանրայինով որեւէ լուրջ հետաքննություն չկա անցյալի լրջագույն կոռուպցիոն հանցանքների մասին, եւ դա ուղղակի երանելի նվեր է նախկիններին` առասպելները նոր թափով տարածելու հարցում:

Մեկ տարի նախկինները հայտարարում են, թե նոր իշխանությունները եկել են հողերը ծախելու կամ հանձնելու, իսկ ահա նախկինները հող պահողներ էին, բայց առայսօր Հանրայինով եթեր չի գնացել եւ ոչ մի նյութ, ռեպորտաժ, հարցազրույց, ֆիլմ, հետաքննություն, քննարկում, որտեղ կներկայացվեր բանակցային նախկին բոլոր փաստաթղթերի բովանդակությունը` համեմված այդ ամենը հաստատող՝ նախկինների հարցազրույցներով:

Ահա այսպիսի իրավիճակ ունենք այսօր, երբ տպավորություն է, որ իշխանության մեջ ընդամենը մի քանի հոգի փորձում են, այս եթերից մյուս եթերը վազելով` ծածկել օրակարգ նետված հերթական կեղծ թեման, մնացած մասը ապրում է այլ իրականության մեջ, որտեղ չկա նախկինների տեռորը, եւ կամ ընդհանրապես չկան նախկինները:

Իշխանություններն, իհարկե, դուրս են գալիս փողոց, հադիպում են մարդկանց ջերմ վերաբերմունքին, եւ կարծես ` ամեն բան լավ է: Բայց դրան զուգահեռ՝ կա հսկայական ռեսուրսներ ունեցող նախկինների քարոզչական կուռ մեքենան, որը, օգտվելով հակազդեցության բացակայությունից` փորձում է ստեղծել քաոսի տպավորութուն, անվերահսկելիության տպավորություն, եւ իշխանությունը պարտավոր է մտածել այդ մասին: Եթե հակազդեցություն չկա, եթե այդ հակազդեցությունը չի ուղեկցվում թիմային կուռ տրամաբանությամբ, ապա դրանով շանս կտրվի նախկիններին համացանցային քաոսը դուրս բերել իրական աշխարհ:

Նյութի աղբյուր՝ ILur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ