Վարորդը Դավիթ Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել երկու հետիոտների և դիմել փախուստի․․․

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ թիվ 106/5 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 49-ամյա Արթուր Ս-ին և 42-ամյա Սևակ Ս-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բակիչ՝ 81-ամյա Հայկ Գ-ի վարած Opel մակնիշի 35 FՏ 619 համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց Սևակ Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ հետաքննիչ Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպրտային հանցագործությունների քննության բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած, այնուհետև Opel-ին բախված ու դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ