Հանրությունն ունի թեժ աշնան մեծ սպասում, եւ ոչ թե ընդդիմությունից, այլ իր ձեւավորած իշխանությունից․․․շատ կարեւոր է, թե որքան եւ ինչ ճտեր պետք է հավաքի իշխանությունը․․․

 

0-իԸնդդիմությունը 2ց ավելի մարդ չի կարողանում հավաքել դրսում, չունի հանրային աջակցություն, ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով թեժ աշնան քաղաքական հեռանկարների կամ հավանականության մասին լրագրողների հարցին եւ ասելով, որ թեժ աշնան մասին խոսակցությունները լուրջ չեն:

2018-ի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը քայլերթ էր սկսել Գյումրու կենտրոնից, գործնականում նույն կերպ էր արտահայտվում ՀՀԿ միջին վիճակագրական որեւէ գործիչ, ասելով, թե լուրջ չէ այդ քայլերթը դիտարկել հեղափոխության հեռանկար:

Թեեւ, պետք է նաեւ արձանագրել, որ այդպես կարծում էին ոչ միայն ՀՀԿ ներկայացուցիչները, այլ գործնականում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ համակիրներ, գործնականում ամբողջ փորձագիտական դաշտը, մեդիան եւ այլն:

Բայց, մի քանի շաբաթ անց Հայաստանում արդեն բոլորովին այլ պատկեր էր: Անշուշտ, խնդիրը իրողությունները համեմատելը չէ, հատկապես որ կա սկզբունքային տարբերություն՝ եւ հենց այդ այլ պատկերի արդյունքում. Այն ժամանակ իշխանությունը լեգիտիմ չէր, իսկ այժմ գործ ունենք բարձր լեգիտիմությամբ իշխանության հետ:

Սակայն, հարցի էությունն այն է, որ քաղաքական իրողությունների տեսանկյունից «մարդ հավաքելու» հանգամանքը հազիվ թե արժե դիտարկել հիմնարար կամ ելակետային: Օրինակ, նախորդ իշխող համակարգի գրեթե երեսնամյա պատմության ընթացքում եղել են ընտրական, հետընտրական, այլ քաղաքական առիթներ, երբ ընդդիմությունները հավաքել են ոչ միայն 20-ից ավելի, այլ 20 հազարից ավելի մարդ, բայց չեն հասել էական հաջողության եւ արդյունքի, աղմուկից, ուժայինների հետ բախումից եւ իհարկե մարտիմեկյան ողբերգությունից բացի:

Թավշյա հեղափոխությունը Հայաստանի քաղաքական հետագիծը, հասարակական-քաղաքական իրողությունների չափման, նաեւ դրանց գնահատման չափորոշիչները վերագնահատելու հանրայնորեն ձեռք բերված հնարավորություն է եւ առիթ, ու իբրեւ հնարավորություն՝ ունի նաեւ դա անելու անհրաժեշտություն, որպեսզի հետագա ընթացքը այլեւս չհանգի նոր հեղափոխության անհրաժեշտության:

Այստեղ սկզբունքային պատասխանատվություն ունեն հասարակական-քաղաքական կյանքի բոլոր դերակատարները՝ յուրաքանչյուրի կարգավիճակից բխող: Մեծ պատասխանատվություն է բխում կառավարող ուժի կարգավիճակից՝ չչափել իրավիճակը այն կատեգորիաներով, ինչով դա արվում էր նախորդ իշխող համակարգի գոյության ընթացքում:

Դա ամենեւին չի ենթադրում, որ՝ ով իմանա, հանկարծ կարող է լինել թեժ աշուն: Վարչապետի խոսնակն իրավացի է՝ չի լինի: Եվ պատճառն ամենեւին այն չէ, որ ընդդիմությունը մարդ չի կարողանում հավաքել: Ավելին, ընդդիմությունն ինքը դեռ պետք է հավաքվի, որպես այդպիսին: Բայց հարցն այն է, որ աշուն է, եւ շատ կարեւոր է, թե որքան եւ ինչ ճտեր պետք է հավաքի իշխանությունը: Այդ իմաստով հանրությունն ունի թեժ աշնան մեծ սպասում, եւ ոչ թե ընդդիմությունից, այլ իր ձեւավորած իշխանությունից:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ