Երեւանի պայմանն Անկարայի ու Բաքվի առաջ. բանը կհասնի՞ դրան

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀԱՊԿ կանոնդարության լրացումը, որով նախատեսվում է, որ կազմակերպությունը կարող է ունենալ դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակ, եւ այն կարող են ստանալ դրանով հետաքրքրված պետությունները: Գործընկերոջ կարգավիճակ կտրվի այն երկրներին, որոնք ցանկանում են խորացնել հարաբերությունը ՀԱՊԿ հետ:

Ռուսաստանի այդ նախաձեռնությունը Հայաստանում առաջացնում է հետաքրքրություն առաջին հերթին այն առումով, թե արդյոք այդպիսի կարգավիճակ կարող է ստանալ Ադրբեջանը: Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող ստանալ ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ:

Ինչի՞ համար է Ռուսաստանը նախաձեռնում ՀԱՊԿ հետ գործակցության նոր աստիճանակարգի ներմուծումը: Դա պարզապես քարոզչական տիրույթում, կամ հոգեբանակա՞ն տիրույթում գտնվող քայլ է, թե՞ Մոսկվան պատրաստվում է այդ թեմայով հաղորդակցվել որեւէ պետության հետ: Օրինակ, կարո՞ղ է այդպիսի պետություն լինել Իրանը: Կամ Թուրքիան: Դիտարկվում է իհարկե նաեւ Ադրբեջանը, առավել եւս, որ նախորդ տարի օգոստոսին ադրբեջանցի պատգամավորներն ու մամուլը Պուտինի հետ Ալիեւի հանդիպմանն ընդառաջ փորձեցին շոշափել այդ թեման: Բայց, ավելի բարձր պաշտոնական մակարդակով Ադրբեջանը ՀԱՊԿ հարց չի շոշափել: Ռուսաստանն էլ ադրբեջանցիների այսպես ասած «հետախուզությանը» չտվեց լուրջ արձագանք:

Այստեղ ակնառու է, որ կա Հայաստանի խնդիրը: Բանն այն է, որ գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակ որեւէ երկիր կարող է ստանալ ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնությամբ:  Ըստ այդմ, եթե Ադրբեջանն իրապես ունի այդպիսի ցանկություն, ապա պետք է լինի Հայաստանի համաձայնությունը:

Հասկանալի է, որ Հայաստանը չի տա ՀԱՊԿ-ում Ադրբեջանին որեւէ կարգավիճակ տալու համաձայնություն: Բայց, այստեղ նաեւ կարելի է թերեւս քննարկել մի հարց՝ Հայաստանը պետք է մերժի կտրականապես եւ միարժե՞ք, թե՞ պարզապես կարող է դնել պայմաններ, որոնք բավարարելու դեպքում Հայաստանը կարող է հավանություն տալ Ադրբեջանին ՀԱՊԿ կարգավիճակ տալուն:

Օրինակ, Հայաստանը կարող է դնել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի այսպես ասած վերաթարմացման պայման՝ առավել խիստ եւ կոնկրետ պատասխանատվությամբ, երբ ամեն մի կրակոցի համար կսահմանվի պատասխանատվություն: Միաժամանակ, դրա համար էլ իհարկե հարկ կլինի ձեւավորել հրադադարի վերահսկողության եւ հետաքննության մեխանիզմ: Այդպիսով, Հայաստանը կարող է դնել փոխկապակցված շատ հստակ պայմանը՝ 1994-ի համաձայնագրի թարմացում նույն կազմով, եւ 2016-ի Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգի իրագործում, հրադադարի խախտման դեպքում շատ կոնկրետ պատասխանատվությամբ: Դրանից հետո Երեւանը կարող է տալ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որեւէ կարգավիճակի հավանություն, բայց դարձյալ պայմանով՝ որ խախտման դեպքում Բաքուն զրկվում է այդ կարգավիճակից:

Կգնա՞ դրան Արբեջանը: Իհարկե ոչ: Բայց, որեւէ այլ պարագայում բացառվում է, որ Հայաստանը գնա Բաքվի որեւէ մասնակցության հավանություն տալու:

Ամբողջ հարցն իհարկե այն է, թե արդյոք Բաքուն կամ Մոսկվան լրջորեն խորհում են ՀԱՊԿ-ում կարգավիճակի շուրջ: Սա մեղմ ասած կասկածելի է, մի շարք ռեգիոնալ եւ աշխարհքաղաքական պատճառներից ելնելով: Ըստ ամենայնի, Ադրբեջանն այդ հանգամանքը փորձում է օգտագործել թե Մոսկվայի, թե Արեւմուտքի, թե Իրանի, եւ անգամ «ավագ եղբոր»՝ Անկարայի հետ որոշակի «առեւտրի», ունեցած լրջագույն հարցերը քննարկելու համար: Դրա մասին է վկայում նաեւ Ռուսաստանի արձագանքը, որը բավականին պասիվ է, թերեւս լավ պատկերացնելով, որ ՀԱՊԿ-ում Բաքվի կարգավիճակը ամենեւին լուծում չէ այն աշխարհաքաղաքական խնդիրների համար, որ Մոսկվան ունի Բաքվի ուղղությամբ:

Այդ պայմաններում, Երեւանին անշուշտ պետք չէ ասել ավելին, քան պարզապես բացառելը՝ որ Ադրբեջանը կարող է ստանալ Հայաստանի հավանությունը: Եթե բանը կհասնի դրան առարկայորեն, ապա այդ ժամանակ իհարկե Հայաստանը կարող է դնել իր պայմանները:

Առանձին հարց է Թուրքիայի պարագան, թեեւ իհարկե այստեղ էլ խիստ կասկածի տակ է, թե արդյոք ՆԱՏՕ անդամ Թուրքիան կգնա ՀԱՊԿ որեւէ կարգավիճակ ստանալու իրական գործընթացի, եւ բանը կհասնի Հայաստանի հավանության: Բայց այս դեպքում էլ, եթե բանը հասնի դրան, Երեւանն անշուշտ ունի Անկարայի առաջ դրվելիք հստակ պայմանների բավականին մեծ ընտրություն:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ