«Արսեն Թորոսյանը լավ է պատկերացնում իր անելիքները, բայց մի խնդիր ունի՝ պետք է…».Արա Բաբլոյան

Արսեն Թորոսյանի աշխատանքի վերաբերյալ փորձեցինք մասնագիտական մեկնաբանություն ստանալ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանից։ Նրա խոսքով՝ Թորոսյանը հանրային առողջության մասնագետ է, լավ է պատկերացնում իր անելիքները, բայց մի խնդիր ունի՝ պետք է դիվանագիտորեն մոտենա խնդիրներին։

«Ես բազմիցս իմ կարծիքը հայտնել եմ, որ նախ ինձ մոտ տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը, լինելով հանրային առողջության մասնագետ, լավ պատկերացնում է իր անելիքները։ Բայց եթե խոսքը վերաբերում է նրան, որ վերջերս վեճեր են առաջացել՝ կապված նոր պետպատվերի ընդլայնումների հետ, ես կարող եմ, որպեսզի չմտնեմ ուրիշ դաշտ, ուղղակի մանկության առումով նկարագրել իրավիճակը։

Դուք գիտեք, որ հիմա երեխաների բուժումը՝ մինչեւ 18 տարեկան, դարձավ անվճար։ Մի կողմից դա, իհարկե, շատ դրական երեւույթ է, որովհետեւ մենք տարիներ շարունակ քայլ առ քայլ գնում էինք, որ պետք է դրան հասնեինք, եւ վերջապես կառավարությունն այդ որոշումն ընդունեց։

Մյուս կողմից էլ, իհարկե, այն որոշակի տարակարծությունները, որ կային հիվանդանոցային աշխատողների, այդ թվում եւ ինձ մոտ, որ գուցե ավելի ճիշտ էր եղած ծառայությունների գները վերանայվեին, հետո այդ քայլին գնալ, բայց միեւնույն ժամանակ հայտնի էր, որ աննախադեպ մի բան տեղի ունեցավ, երբ տարվա կեսից նախարարին, փաստորեն, տրվեց հնարավորություն 20 միլիարդի հավելյալ ծրագիր ներդնել։ Եվ պարզ է, որ նախարարը պետք է կարողանար որոշել առաջնահերթությունները, որտեղ ներդնել այդ ռեսուրսը»,- ասաց Արա Բաբլոյանը։

Արսեն Թորոսյանն այսօր գնում է զուգահեռաբար երկու գործընթաց իրականացնելու ճանապարհով. «Մի կողմից, անվճար բժշկության հնարավորություն տալով՝ ինքը կարողանում է ուսումնասիրել, թե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ինչքան դիմողների թիվ է ավելանում, որպեսզի ճիշտ պատկերացնի ծավալը, մյուս կողմից՝ այդ ծավալը ճիշտ պատկերացնելով՝ արդեն այդ զուգահեռ հաշվարկած գները կիմանա ինչպես ներդնել այդ ծավալի մեջ։ Սա պրոցես է, որը դինամիկայում պետք է աշխատվի, եւ չի կարող կարճ ժամանակահատվածում մի բան որոշվի, իրականացվի»։

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ