«Ուսուցիչը, որ պատրաստ է 25 հազար դրամով աշխատել, տալու բան ունի՞ մեր երեխեքին». Նիկոլ Փաշինյան

Մենք ունենք դպրոցներում հաստիքների արդյունավետ կառավարման խնդիր: Այս մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Վերջերս ես Սեւանում էի մի դպրոցում, որտեղ կար հայերենի երեք մանկավարժ, բայց երկու դրույք: Նրանք կարող էին այդ երկու դրույքը լիարժեք երկու ուսուցիչների միջեւ բաշխել, բայց երեքի միջեւ էր բաշխված եւ երեքն էլ ավելի քիչ աշխատավարձ էր ստանում: Դա ազդում է նաեւ արդյունքի վրա: Մենք քննարկում ենք օրենսդրորեն սահմանել կարգ, որտեղ այս խնդիրները կլուծվեն: Սա կրճատում չէ, սա ուղիղ ազդում է կրթական ծառայությունների մատուցման վրա»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դրա հետեւանքով այսօր կան ուսուցիչներ, որ 25 հազար դրամ աշխատավարձ են ստանում. «Այսինքն մեկ դրույքի հաշվարկով ընդունվել է 4-5 ուսուցիչ: Բարեկամ-ծանոթ խնդրի լուծման համար, ընտրություններում ձայն ապահովելու համար: կամ զբաղվածություն ապահովելու հարց են լուծում: Ասում են՝ դե ընդունենք գործի, թող տնից դուրս գա: Այս ամենը պարզ է, բայց սա մեր կրթության որակի վրա է ազդում:

Մենք չանելով «ափալ-թափալ» չմտածված գործողություններ, բայց պետք է այս օրակարգը հստակ ֆիքսենք, որովհետեւ սա ուղիղ հարված է մեր երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքին: 25 հազար դրամ ստացող ուսուցիչը տալու բան ունի՞ մեր երեխեքին, թե չունի»:

Կառավարության նիստ. բարձարացնում ենք ուսուցիչների աշխատավարձը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, September 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ