Վիտալի Բալասանյանը վտանգավոր խաղի մեջ է մտել, որը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ՝ Արցախի

«Վերջին ամիսների իրադարձությունները մտահոգիչ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ ոչ միայն այն իմաստով, որ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը բավարար պատկերացումներ չունի, թե ինչ բան է ժամանակակից պետությունը: Այն տպավորությունն է, որ պարոն Բալասանյանի պատկերացրած պետությունը խունտայի կողմից ղեկավարվող պետությունն է:

Ողբերգությունը նվազագույն կլիներ, եթե միայն այս ամենը լիներ, այսինքն՝ պարոն Բալասանյանը պետության և պետականության մասին ունենար միջնադարյան պատկերացումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությանը՝ կապված Արցախի ՏԻՄ ընտրություններում Հայաստանից դիտորդական խումբ ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման հետ:

Քաղաքագետի խոսքով՝ մենք Արցախը չենք պատկերացրել որպես մեզանից առանձին ապրող մի միավոր, որին մենք պետք է փող տանք, դոտացիաներ տանք, վարկեր տանք, ֆինանսական աջակցություն տանք, զինվոր ուղարկենք սահմանները պաշտպանելու. «Մենք այդ շռայլությունը թույլ չենք տվել, որպեսզի այս տարածաշրջանում կարող ենք հավերժ ունենալ երկու հայկական պետություն և պահել միաժամանակ երկու պետականություն՝ իր բոլոր ապարատներով: Դա չափազանց մեծ ճոխություն կլինի հայ ժողովրդի համար»:

Քաղաքագետն ընդգծեց՝ Արցախի անկախությունը վերաբերվել է ոչ թե Հայաստան-Արցախ կամ Երևան-Ստեփանակերտ առանցքին, այլ Ստեփանակերտ-Բաքու առանցքին. «Եվ եթե մենք Արցախին շնորհավորել ենք անկախացման համար՝ ամենևին ոչ այն պատճառով, որ մեզանից անկախացել են, այլ աշխարհին ցույց տալու համար, որ տեսեք՝ կա մի պետություն, որն ունի Մոնտևիդեոյի կոնվենցիայի 4 չափանիշները: Այսինքն՝ սա է եղել մտահոգությունը, որևէ մեկը չի ասել, թե Արցախը իր համար առանձին թող մածուն ուտի և մեծանա որպես պետություն»:

Ստեփան Սաֆարյանը այս կոնտեքստում տեղի ունեցածը չտեսնված է համարում: «Արցախի հերոսի կոչում ունեցող պարոն Բալասանյանը նախ սկզբում հորդորում էր, որ Հայաստանը հեռու մնա Արցախից, իսկ այս վերջին հարցազրույցում նաև սկսում է մուննաթ գալ, թե փողը քիչ ենք տալիս, որպեսզի իրենք ապրեն. իհարկե, պարոն Բալասանյանի հաշվապահության մեջ բացակայում էր, թե ինչ կարգի ռազմաքաղաքական աջակցություն ենք մենք տրամադրում»,- ասաց նա և հավելեց, որ պարոն Բալասանյանը, սակայն, որևէ հայտարարություն չարեց, երբ Արցախի ներքին կյանքին  կոպիտ կերպով միջամտեցին Կրեմլին չափազանց մերձ կանգնած ռուս փորձագետները:

«Պարոն Բալասանյանը բավական վտանգավոր խաղի մեջ է մտել, չգիտեմ՝ գիտակցված, թե չգիտակցված, բայց այդ խաղը Արցախի դեմ է. ես իր հարցազրույցը չեմ մեկնաբանի որպես ընդդեմ Հայաստանի, ես իր հարցազրույցը կմեկնաբանեմ որպես ընդդեմ Արցախի»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ