Խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են:

Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում կայացնենք հետևյալի մասին. արդյոք այդ քաղաքացիների համար իրականացնո՞ւմ ենք բնակարանաշինական ծրագիր, թե՞ այդ քաղաքացիների համար բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) ենք թողարկում: Ինչո՞ւ ծագեց այս հարցը, որովհետև պարզվեց, որ դե յուրե արձանագրված պարտավորությունների կրողների մեծամասնությունը բնակվում է գյուղական համայնքներում, և բնակարանի գնման վկայագի՞ր, թե՞ շինարարություն հարցին պատասխան գտնելու համար մեզ անհրաժեշտ էր քարտեզագրել այդ քաղաքացիներին, պարզել, թե տվյալ համայնքում ինչ իրավիճակ է բնակարանային ֆոնդի և շուկայի առկայության իմաստով և այդ տրամաբանության մեջ էլ կայացնել որոշում։

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ աղետի գոտու բնակավայրերում առկա խնդիրներին պետք է մոտենալ փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ, և Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի տնակային ավանների հետ կապված անելիքները պետք է դիտարկել քաղաքաշինական տրամաբանության համատեքստում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այդ հարցի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և որպես առաջին քայլ՝ ուսումնասիրել ընդհանրական մեխանիզմի կիրառման հնարավորությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ