Հակահեղափոխական նոր հարձակում․ ի՞նչ է տեղի ունեցել

Չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում, դա ներկայում նույնքան կարեւոր է, որքան ազատամարտի տարիներին, Արցախի անկախության 28-ամյակի վերաբերյալ ուղերձում նշել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը հնչում է հանրային ուշադրությունը գրաված Վիտալի Բալասանյանի հայտարարության ֆոնին:

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն ու Արցախի նախագահի հնարավոր թեկնածուն Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը գնահատել էր իշխանազավթում, Հայաստանի նոր իշխանության գործողությունները որակելով քրեորեն հետապնդելի, խիստ քննադատելով Արցախի ՏԻՄ ընտրությանը դիտորդական առաքելություն իրականացնելու համար Իրազեկ քաղաքացիների միավորում եւ Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությանը պետական ֆինանսավորում հատկացնելու Հայաստանի կառավարության որոշումը:

Բալասանյանը այդ քայլը հայտարարել է Արցախի դեմ արվող քայլ եւ ասել, թե Արցախի ժողովուրդն ընդդիմանալու է դրան: Վիտալի Բալասանյանը խաթարու՞մ է համահայկական միասնականությունն Արցախի հարցում, ըստ Սերժ Սարգսյանի, թե՞ նա ընդամենը գործում է նախագահի թեկնածուի տրամաբանության շրջանակում, այդպիսով ձգտելով կենտրոնացնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունից եւ Հայաստանի իշխանությունից Արցախում դժգոհ էլեկտորատը՝ մի քանի ամիս անց սպասվող նախագահի ընտրության համար:

Մեծ հավանականությամբ խոսքը հենց երկրորդ տարբերակի մասին է: Արցախի ԱԽ նախկին քարտուղարը, որ գործնականում երբեք էլ լոյալ չի եղել Հայաստանում տեղի ունեցած փոփոխության հանդեպ, պարզապես գործում է իր քաղաքական շահի տրամաբանության միանգամայն հասկանալի շրջանակում: Ընդ որում, այդ շրջանակն ամենեւին սպառնալիք չէ Հայաստանի իշխանությանը կամ հեղափոխությանը, ու թերեւս պետք չէ շտապել օգտվել առիթից՝ Արցախը հերթական անգամ «հակահեղափոխության օջախ» հռչակելու համար:

Հայաստանում այդպիսի օջախ չկա ընդհանրապես, որովհետեւ հեղափոխությունն էլ, հակահեղափոխությունն էլ՝ ինչպես աղքատությունը, մարդկանց, հանրության, քաղաքացիների «գլուխներում» է: Միաժամանակ հետաքրքիր է իհարկե, թե արդյոք Վիտալի Բալասանյանի միջոցով սպասարկվում են նաեւ քաղաքական այլ շահեր, ովքեր եւ ում դեմ: Իսկ այստեղ իրավիճակն ամենեւին միարժեք չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից՝ «սեւ-սպիտակ» տրամաբանության մեջ:

Սերժ Սարգսյանն օրինակ հայտարարում է համահայկական միասնականության խաթարման անթույլատրելիության մասին: Այդ հայտարարությունը, խոշոր հաշվով, կարող է լինել՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի…» հրաժարականի հայտնի տեքստի որոշակի «վերարտադրություն» այլ ձեւակերպմամբ, եթե այն դիտարկում ենք գոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթի համատեքստում: Որովհետեւ, Փաշինյանն այդ ելույթում խոսում էր հենց համահայկական միասնականության եւ կոնսենսուսի մասին՝ որպես Արցախի շարժման եւ պատերազմի հաղթանակի արդյունքի պաշտպանության անհրաժեշտ գրավական:

Միաժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ պետք է վերջ տալ «հող հանձնելու» մեղադրանքներին ընդհանրապես, որպես ներքաղաքական շրջանառության առարկա: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանն այդ ելույթը կեղծ համարի: Բայց նա կարծես թե այդպես չի համարում, համենայն դեպս չի խոսել այդ մասին որեւէ առիթով: Նշանակու՞մ է, որ Սերժ Սարգսյանը համաձայն չէ Վիտալի Բալասանյանի հետ:

Բանն այն է, որ Բալասանյանն ընկալվել է որպես նախագահի՝ Սերժ Սարգսյանի համար նախընտրելի թեկնածու: Ամբողջ հարցն այն է, թե ինչի՞ համար նախընտրելի՝ հենց նախագահ դառնալու՞, թե՞ նախագահի ընտրությանը Հայաստանի իշխանությունից «դժգոհ էլեկտորատը» հավաքելու եւ կառավարելու համար: Հատկապես, եթե նկատի ունենանք ակնառու հանգամանքը, որ կատարվել է Արցախում այդ տրամադրությունները «ռուսական մանդատով» կառավարելու էմիսարական ակնառու փորձ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ