Հայերը սկսել են կասկացծել․ Անսովոր իրավիճակ Պուտինի համար

Ի՞նչ եք կարծում, հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո, հարցրել են Նուվել դ՛Արմենիի լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հարցի ձեւակերպման այդ ձեւը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։

Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, եւ մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եւ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։

Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարեւոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան եւ բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որեւէ մեկին, որքան որեւէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։

Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի», ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցուպատասխանի մեջ լիարժեք ամփոփված է հայ-ռուսական հարաբերությունների նկարագիրը ոչ միայն ընթացիկ, այլեւ լայն պատմական-քաղաքական կտրվածքով: Հայաստանը սրբորեն կատարել ու կատարում է իր դաշնակցային պարտավորությունները բոլոր ոլորտներում, ընդ որում՝ շատ հաճախ իր շահերին հակառակ:

Ընդ որում, այս իրավիճակը չի փոխվել նաեւ հեղափոխությունից հետո: Կարելի՞ է նույնը ասել Ռուսաստանի մասին: Ադրբեջանին զենքի վաճառքը թերեւս ամենացցուն օրինակն է, բայց նույնն է իրավիճակը նաեւ այլ ասպարեզներում՝ քարոզչական, տնտեսական, կոմունիկացիոն, քաղաքական եւ այլն: Այս ամենն անթաքույց է այնքան, որ ՌԴ դեսպանը Երեւանում հայտարարում է Հայաստանի հանդեպ փափուկ ուժի կիրառման քաղաքականության մասին: Դա հիբրիդային պատերազմն է, որը շատ է դուր եկել ՌԴ վերնախավին, եւ որը լայնորեն կիրառվում է նաեւ Հայաստանի դեմ:

Իրավունք ունե՞ն հայերը կասկածելու: Հայ-ռուսական դաշնակցությունն այն դեպքն է, որ հայերը ոչ միայն իրավունք ունեն, այլեւ պարտավոր են կասկածել: Արցախ, Նախիջեւան, 1915-1923 թթ. հայոց ցեղասպանության խնդիրներ, թուրքերին հայկական շահերով ու տարածքներով պարբերաբար կերակրելու «ավանդույթ»՝ սա ոչ ամբողջական ցանկն է: Ընդ որում, պետք է նկատի առնել, որ Հայաստանի հանդեպ այդ քաղաքականությունը կախված չէ նրանից՝ Մոսկվան տվյալ փուլում «կասկածում» է Հայաստանին, թե ոչ:

Կասկածը տվյալ դեպքում ավելի շատ հոգեբանական խնդիր է, քանի որ հարց է առաջանում՝ ինչի՞ն են կասկածում: Հայաստանը չի խզել որեւէ պայմանագիր, չնայած դրանք ըստ էության գաղութային պայմանագրեր են, կատարում է բոլոր պարտավորությունները: Մոսկվայում գուցե դժվա՞ր է հասկանալ, թե ինչու են այսքանից հետո հայերը շարունակում հավատարիմ մնալ դաշնակցային հարաբերություններին, որոնք մինչ այժմ խոշոր հաշվով կրում են միակողմանի բնույթ: Դա երեւում է նյարդայնություն է առաջացնում, որովհետեւ այնուամենայնիվ պետք է կատարել սեփական դաշնակցային պարտավորությունները, որովհետեւ հայերն էլ են սկսել կասկածել ու մտածել ինքնիշխան ու արժանապատիվ հարաբերությունների մասին: Անսովոր իրավիճակ է Մոսկվայի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ