Սեյրան Օհանյանի նվերը Քոչարյանին, որից նա օգտվել չի կարող

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը YerevanToday-ին տված հարցազրույցում ասել է, թե 0038 տխրահռչակ հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք:

«Առաջինն այն է, որ բանակը խառնվում էր ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ, իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով, խառնվում էին, հավաքվում էին տարբեր տեղեր, զենք էին կրում, պետության մեջ շարժվում էին, և այդ խնդիրը Ռոբերտ Քոչարյանը դրել է:

Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար: Այդ ցուցումը Ռոբերտ Քոչարյանը տվել է շուրջ 70 հոգու հետ անցկացված խորհրդակցության ժամանակ: Հիմա փաստերը խեղաթյուրելն անընդունելի է»,- ընդգծել է նա:

0038 հրամանը ամբողջովին անօրինական է ու հանդիսանում է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված Քոչարյանի համապարփակ ծրագրի բաղադրիչներից մեկը։

Քոչարյանին սատարելուց զատ՝ լավ կլիներ, որպեսզի Սեյրան Օհանյանը հանգամանալից խոսեր այն զինվորականների մասին, որոնք իբրև թե բանակը խառնում էին ներքաղաքական զարգացումներին, ենթադրաբար՝ Լևոն Տեր-Պետորսյանին աջակցելու նպատակով։ Նման իրական փաստեր Օհանյանն ու մյուսները չունեն ու ընդամենը վերացական խոսքեր են ասում՝ իրենց ապօրինի գործողություններն արդարացնելու համար։

Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած են եղել ոչ թե բանակի գործող գեներալներ, այլ՝ արցախյան պատերազմի կամավորական մի շարք հրամանատարներ, որոնք այդ պահին եղել են ընդդիմադիր գործիչներ կամ խորհրդարանի պատգամավորներ։ Ավելին՝ նրանցից շատերը, օրինակ՝ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, կալանավորվել են, սակայն նրանցից որևէ մեկին չեն կարողացել մեղսագրել զենքի ուժով իշխանությունը տապալելու մեղադրանք։

Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն մերժում էր զենքի միջոցով քաղաքական խնդիրներ լուծելու հնարավորությունը, անգամ իսկ՝ պետական շենքերը շրջափակելու մարտավարությունը ու նույնիսկ ծիծաղելի է հնչում մեղադրանքը, թե իբրև նրա կողմնակիցները մտադիր էին հարձակվել զորամասերի վրա։ Կրկնվենք՝ անգամ Տեր-Պետորսյանի թիմակիցների դեմ «կարված» դատական գործերում նման անհեթեթ մեղադրանք գոյություն չունի։

Ի՞նչն է ուշագրավ։

Ամենասկզբում Քոչարյանն ու նրա թիմակիցներն առհասարակ հերքում էին 0038 հրամանի գոյությունը, հետո հարկադրված ընդունեցին դրա գոյությունը, հիմա էլ՝ սկսել են անհեթեթ հիմնավորումներով արդարացնել դրա ծնունդը։ Նույն տրամաբանությամբ՝ երկորդ նախագահն ու նրա պաշտպաննները սկզբում կտրականապես հերքում էին, որ ԶՈւ ստորաբաժանումները միջամտել են ներքաղաքական զարգացումներին, հետո հարկադրված ընդունեցին այդ փաստը՝ հուսահատ արդարացումներով, որ դրանով սահմանադրությունը չի խախտվել։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմակիցները Մարտի 1-ի գործով այնքան հակասական պնդումներ են արել, որ կորել է հավատը նրանց խոսքի օբյեկտիվության, արժանահավատության վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի առթիվ գեներալ Օհանյանը թերևս որոշել էր «նվեր» անել Ռոբերտ Քոչարյանին, որից, սակայն, երկրորդ նախագահն օգտվել չի կարող։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ