Նաիրի Հունանյանը ցուցմունքում նշել է՝ իրեն խոստացել են՝ բանակը չի միջամտի. ինչից է սկսվել Վաղարշակ Հարությունյանի և Քոչարյանի վեճը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

– Վարչապետ Ն. Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձեզ վերադարձվել է գեներալ-լեյտենանտի կոչումը: 17 տարի առանց այդ կոչման՝ ծա՞նր շրջան էր Ձեզ համար:

– Գալիս է մի ժամանակ, երբ կոչումի ազդեցությունն այդքան կարևոր չէ, գերակայում է սկզբունքի հարցը և այն, թե դու քո գործը որքանով ես կատարում՝ պետության ու ազգի շահերից ելնելով: Ո՛չ, ծանր չեմ տարել կոչումից զրկվելը:

– Իսկ իրավական տեսանկյունից ի՞նչ էիք կորցրել 17 տարի առաջ և հիմա ի՞նչ է վերականգնվել:

– Վերականգնվել է գեներալ-լեյտենանտի կոչումը՝ համապատասխան իրավական կողմով:

– Այդ պատմությանն անդրադառնանք քաղաքական տեսանկյունից. Դուք այդ զրկանքը կրել եք որպես քաղաքակա՞ն ընդդիմախոս, թե՞ եղել է այլ հակասություն Ձեր և երկրի ղեկավարի միջև:

– Ես որևէ հակասություն չեմ ունեցել Քոչարյանի հետ. իմ հակասությունը սկսվել է այն ժամանակ, երբ վերադարձանք Սադարակից, որտեղ քննարկվում էր Մեղրիի տարբերակը. Քոչարյանն ինձ հրավիրեց իր աշխատասենյակ և սկսեց բացատրել, որ դա լավ տարբերակ է: Իսկ ես պատասխանել եմ, որ դա չի համապատասխանում Հայաստանի շահերին: Դա 1999թ. օգոստոսին էր: Մյուս հակասությունը Հոկտեմբերի 27-ին էր, երբ զինված հարձակում էր տեղի ունեցել պետական կառույցի վրա, սպանվել էին վարչապետը, ԱԺ նախագահը, այլ պաշտոնյաներ, այսինքն՝ դա սպառնալիք էր պետության նկատմամբ, և ես, գնահատելով իրավիճակը և տեղյակ պահելով նախագահին, որոշում եմ ընդունել զորք մտցնել քաղաք, որպեսզի կանխվեն հետագա զարգացումները: Եթե հնարավոր էր դարձել, որ այդ խումբը մտել էր ԱԺ, ուրեմն անվտանգության համակարգում եղել են բացեր, և այլ զարգացումներ թույլ չտալու համար ես դիմել եմ այդ քայլին, ինչն էլ Քոչարյանի դժգոհությունն է հարուցել:

– Ահաբեկչական ակտ էր տեղի ունեցել, և հասկանալի է, որ զինված մարդիկ պետք է բերվեին, երկրի ղեկավարն ինչո՞վ էր հիմնավորում, որ զորքի կարիք չկա այնտեղ:

– Ոչ մի հիմնավորում: Այդ գործողություններն իրականացնելիս իմ տեղակալներին՝ Աբրահամյանին և Մարտիրոսյանին հրահանգել եմ, որ զգուշացնեն Նաիրի Հունանյանին, որ ԱԺ-ն շրջապատված է, և միայն մեկ տարբերակ ունի՝ հանձնվել, և Ն. Հունանյանը պատասխանել է՝ բանակն այստեղ ի՞նչ գործ ունի: Հետագայում նա իր ցուցմունքներում նշել է, որ իրեն խոսք են տվել, որ բանակը չի միջամտի, իսկ կադրային սպաները կկատարեն Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները: Դրանից հետո են առաջացել մեր աշխատանքային կոնֆլիկտները:

– Դուք արդեն պաշտոնից հեռացված էիք, Ձեզ կոչումից զրկելու նպատակը ո՞րն էր:

– Նախ՝ անպայման ուզում էր պատժել: Բացի դրանից, ես արդեն ղեկավարում էի «Արդարություն» դաշինքի շտաբը: Քաղաքական ընդդիմախոս էի… Սահմանադրությունը թույլ չէր տալիս ինձ կոչումից զրկել, հակասահմանադրական օրենք են ընդունել, որպեսզի հղում անեն դրան:

– Ձեզ ո՞վ է Հայաստան հրավիրել որպես զինվորականի, ե՞րբ էր դա:

– Ես ծառայում էի Լենինգրադում, 1998թ. հոկտեմբերին հանդիպել եմ վարչապետ Վազգեն Մանուկյանին և նրա աշախատասենյակում ինձ առաջարկվեց ղեկավարել ԶՈւ-ն, և ներկայացվեց, որ Վազգեն Սարգսյանն է զբաղվում ԶՈւ-ով:

– Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին համաձայնել եք մասնակցել:

– Անդրանիկ Քոչարյանն ինձ առաջարկեց, ես համաձայնեցի, հիմա նախապատրաստական փուլ է, աշխատանքն սկսվելու է սեպտեմբերից: Դեռ վաղ է խոսել հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին, բայց ես շատ լավ գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել: Մենք երկրապահներով Գորիսում էինք, մոտենում էին զինվորների, սպաների ծնողները և հարցնում՝ ինչպես եղավ, որ մարդիկ զոհվեցին, ինչպես եղավ, որ գործողությունները սկսվել էին, բայց որոշում չկար, սրանք փաստեր են և խոսում են այն մասին, որ կա հանրային հետաքրքրություն ու պետք է բացահայտվի, թե ինչ եղել: Մյուս կողմից՝ հիմա փորձում են ասել, որ ստեղծված հանձնաժողովը պատժիչ է, բայց ոչ, հանձնաժողովի խնդիրն է բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել, միայն թերություններ չէ, որ եղել են, այլ նաև հերոս զինվորներն ու սպաները գործել են հստակ և թույլ չեն տվել, որ ադրբեջանական զորքը հասնի իր նպատակներին. դա էլ պետք է բացահայտել, և այդ մարդիկ չեն խրախուսվել: Հանձնաժողովի լիարժեք ուսումնասիրությունից հետո համապատասխան գործադիր մարմինները այդ զեկույցը պետք է ներկայացնեն հանրությանը, և ամենակարևորը՝ այն բացթողումները, որ տեղի են ունեցել, պետք է հիմա շտկել և մյուս կողմից էլ՝ նայել, թե ինչ է արվել այս տարիների ընթացքում բանակում: Համոզված եմ, որ այս հանձնաժողովը անաչառ և էֆեկտիվ կաշխատի:

– Կան բաներ որոնք Ձե՞զ էլ են անհայտ:

– Իհարկե: Ռազմավարական առումով ինձ համար պարզ է, թե ինչ է եղել, և պարզ են այն բացթողումները, որ տեղի են ունեցել: Պատերազմն այդպիսին է. բանակը երևում է պատերազմի ժամանակ: Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բաներ, որոնք անթույլատրելի են եղել: Նույնիսկ պաշտպանության նախարարությունը և այն ժամանակվա նախագահը մարդկանց ազատել են աշխատանքից՝ ունենալով համապատասխան ինֆորմացիա: Ինձ թվում է՝ հանձնաժողովի աշխատանքը կնպաստի, որ բանակն ուժեղանա, ոչ թե հակառակը:

– Ամեն դեպքում բացթողման հետևում անձ է կանգնած՝ ուսադիրներ կրող անձ, ինչպե՞ս վարվել նրա հետ:

– Դա կախված է նրա թույլ տված բացթողումների աստիճանից, դրանց հետևանքներից: Հնարավոր է՝ գումարտակի հրամանատարը բացթողում է ունեցել, բայց դա եկել է ավելի բարձր ատյաններից, պետք է ուշադիր ուսումնասիրվի ամեն դեպքը, ամեն բացթողում և բացահայտվի իրական պատճառը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ