Անսպասելի շրջադարձ Ամուլսարի գործում․ ովքե՞ր են ապակողմնորոշել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր առավոտյան գրել է, որ «Էլարդ» ընկերության փորձագետների հետ երեկ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն։

Գրառմանը կից նա ներկայացրել է Skype-կոնֆերանսի տեսագրությունը։ Գրառման մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ. երեկ «Էլարդ»-ի փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն:

Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյոք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի՞: Հիշեցնեմ, որ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը»:

Իսկ հրապարակված տեսագրությունը, մեղմ ասած, սենսացիոն բացահայտում է անում․ «Էլարդի»-ի միջազգային թիմը հայտարարում է, որ չի կարող պատասխանել հարցին, թե արդյոք անվտանգ է Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը՝ ՇՄԱԳ, թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի:
Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հարց․ եթե կառավարության հրավիրած փորձագետները խոսում են ՇՄԱԳ-ում բազմաթիվ թերությունների մասին, իսկ այդ փաստաթուղթը 2016-ին դրական եզրակացություն է ստացել բնապահպանության նախարարությունում, ինչպե՞ս է ստացվում, որ Քննչական կոմիտեն եզրակացրել է, թե հանքի շահագործման ռիսկերը թաքցնող պաշտոնյա չկա:

Հարցն ուղղվել է քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին, որը, ինչպես երեկ պարզվել է, ՇՄԱԳ-ը հաստատած բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է:

«Պարոն վարչապետ, որևէ տվյալ չի թաքցվել, ըստ էության: Բոլոր ուսումնասիրությունները, բոլոր հետազոտությունները ներկայացվել են, և դրա վերաբերյալ եզրակացություններ են արվել»,- պատասխանել է քննչական խմբի ղեկավարը։

Այդպես էլ պարզ չի դարձել, թե այս դեպքում ինչու Քննչական կոմիտեն չի հայտարարել, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա: Տեսակոնֆերանսը եզրափակվել է որոշմամբ՝ սպասել շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյոք նոր գնահատման կարիք կա:

Պատասխանը մինչև սեպտեմբերի 4-ը:

Այսպիսով՝ ստացվում է տխուր մի պատկեր, երբ առնվազն Քննչական կոմիտեն ապակողմնորոշել է վարչապետին՝ դառնալով Ամուլսարի հարցով նրա նախնական խոցելի դիրքորոշման հիմնական պատասխանատուն։ Արդյոք գործ ունե՞նք կոռուպցիոն ակնհայտ ռիսկի հետ, երբ բնապահպանության նախկին նախարարի ազգական քննիչը կայացրել է ոչ օբյեկտիվ որոշում՝ գտնվելով շահերի բախման տիրույթում, թե՞ խնդիրն ավելի գլոբալ է, ու կոռուպցիոն ռիսկեր պետք է փնտրել անգամ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատում՝ պարզելու համար, թե ինչպես է փորձաքննությունը հանձնարարվել «Էլարդ»-ին, կամ ինչպես է ծնվել ՔԿ-ի վիճահարույց որոշումը։

Իհարկե, չբացառենք նաև, որ քննչական խումը ու որոշ պաշտոնյաներ դառնում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության քավության նոխազները։ Այլ խոսքով՝ ՔԿ եզրակացությունն ի սկզբանե հարմարեցվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշմանը, սակայն այսօր քննչական խումբը քավության նոխազի դերում է հայտնվել, որովհետև վարչապետն արմատապես փոխել է իր դիրքորոշումը՝ հանդիպելով հանրային հակազդեցության։

Արդյոք գործ ունե՞նք կառավարության փնթիության հետ, երբ նախկին համակարգի հետ սերտորեն առնչվող քննիչը կարողացել է խաբել վարչապետին, թե՞ մեր կառավարությունն այնքան թափթփված է, որ տեղյակ է եղել բնապահպանության նախկին նախարարի ու Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավարի ազգակցական կապի մասին, սակայն անտեսել է այս իրողությունը։

Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցերին։ Փաստն այն է, որ, ըստ էության, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն է ծագում, որն ընդամենը կարող է մի փոքր ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար։

Եթե Փաշինյանն իր որոշումը չփոխի ու Ամուլսարի հանքը շահագործվի, ապա կառավարության ղեկավարն իր վրա է վերցնելու քաղաքական ողջ պատասխանատվությունը, նաև կոռուպցիոն հնարավոր գործարքների համար։ Եթե Փաշինյանը, այնուամենայնիվ, փոխի իր դիրքորոշումն Ամուլսարի հարցով, ապա լինելու են աղմկոտ պաշտոնանկություններ ՔԿ-ում, գուցե նաև կառավարությունում, չենք բացառում անգամ որոշ ներկա ու նախկին պաշտոնյաների քրեա-իրավական պատասխանատվության հեռանկարը։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ