Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, գրառում է կատարել Facebook-յան իր էջում՝ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանին անվանելով «ռոբերտա-սերժական ոհմակի գաղտնի գործակալ»:
««Հայկական ժամանակ»-ում այս կոչով, որով դիմել էի իմ սիրելի ժողովրդին դեռեւս 2013 թ նախագահական ընտրությունների ժամանակ, խնդրել էի ձայն չտալ ՀՀԿ պարագլուխ Ս Սարգսյանին եւ մերժել արյունոտ ձեռքերով ոհմակին:
Կոչը արդիական է նաեւ այսօր, բայց հիմա ուզում եմ անդրադառնալ ոհմակի նորահայտ թեկնածուներից մեկին, դեռեւս այդ ժամանակներից ծպտյալ հանրապետական Դավիթ Շահնազարյանին, ով իբր 2008թ.-ից կանգնած էր ժողովրդի կողքին, բայց ով իր անցած ճանապարհով ապացուցեց, որ ռոբերտա-սերժական ոհմակի գաղտնի գործակալ է եղել:
Այսօր արդեն հանրապետական ոհմակի ողջ սխալներն ու սպանությունների պատասխանատվությունը իր ուսերին վերցրած Շահնազարյանը ծնողներին մեղադրում է շահարկվելու եւ մոլորված լինելու մեջ: Մեզ անգամ ձեր ոհմակը չկարողացավ մոլորեցնել պարոն Շահնազարյան, ինչ վերաբերվում է 2008թ Մարտի 1-ին, իբր ալկոհոլ բերելու ձեր հայտարարությանը, ապա եթե եղել են այդպիսիները, ապա դրանք ձեր հանրապետական ոհմակի սադրիչներն են եղել:
Պարոն Շահնազարյան, ցավում եմ ձեզ հավատալու համար, ափսոսում ձեզ ճանաչելու եւ երբեւէ բարեւելու համար»,- ասված է նրա գրառման մեջ: