Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում «Uber» տաքսիի վարորդին աշխատանքի ժամին երգելիս նկարահանել էր ուղեւորը: Համացանցում ձայնագրությունը հայտնվեց մայիսին, դիտվեց 660 հազար անգամ եւ նպաստեց 27 ամյա Մենզի Մնգոմայի օպերային վերելքին:
Եթե Մենզի Մնգոման աշխարհը սկսեց նվաճել «Uber» տաքսիից, հակառակ ճանապարհ անցավ Մարտիրոս Ծառուկյանը՝ միջազգային ճանաչումից, ծանրակշիռ մրցանակից մինչեւ «GG» տաքսու վարորդ:
Մարտիրոս Ծառուկյանի ամենամեծ հաղթանակը գրանցվել է 2007 թվականին: Այդ տարի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը եւ միջազգային IPCC՝ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը ստացան Խաղաղության Նոբելյան մրցանակ: Միջազգային մասնագետների խմբի 20-ամյա աշխատանքը, որը գնահատվեց Նոբելյան մրցանակով, հետագայում հիմք դարձավ Կլիմայի փոփոխության շրջանակային Կոնվենցիայի, հետո էլ՝ Կիոտոյի արձանագրության մշակման եւ աշխարհի երկրների կողմից ստորագրման համար:
Բնապահպանության նախարարությունում աշխատած տարիներին նախկին պաշտոնյան ասում է, որ երբեք չի եղել դեպք, երբ ստիպված եղել հանրությունից թաքցնել կարեւոր ինֆորմացիա: Փոխարենը եղել են շատ հանձնարարականներ, որոնց նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը վիճելի էր, բայց «փողկապի» կարգավիճակը ստիպում էր անել անգամ այդ աշխատանքը:
Նախարարությունից Մարտիրոս Ծառուկյանը ազատվել էր հեղափոխությունից մի քանի տարի առաջ: «Անարդարությունների եւ անբանիմաց նորանշանակ նախարարի բռի ու անհարգալից վերաբերմունքի պատճառով»,- գրել էր մեր զրուցակցի դուստրը արդեն հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում: Այդ նամակը, պարզվում է, հետեւանքներ ունեցել է, բայց Մարտիրոս Ծառուկյանն այլեւս չի ցանկացել փոխել իր տաքսին «փողկապով» աշխատանքի: Ասում է, այսպես ապրում է ավելի ազատ:
Իր հետաքրքիր մտքերով եւ ծրագրերով գիտնական-տաքսիստը սեպտեմբերին իր ուղեւորներին չի սպասարկի: Կլիմայի փոփոխության քարտուղարության հրավերով սեպտեմբերին մեկնելու է Բոնն, քանի որ Կլիմայի փոփոխության շրջանակային Կոնվենցիայի փորձագետների ցանկում է: Մասնագետներով աշխատելու են Կանադայի, Բելառուսի եւ Հայաստանի զեկույցների վերանայման վրա:
Նյութի աղբյուր՝ ARMRADIO.AM