Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվողը քաղցկեղով հիվանդ է, 2 ամսից հայր է դառնալու

«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ մասիվցի Անդիկի սպանությանը օժանդակելու մեջ մեղադրվող 50 ամյա տղամարդը Ռուսաստանում շինարարական կազմակերպությունում է աշխատում, քաղցկեղով հիվանդ է եւ վերջին ամիսներին՝ սկսած մայիսից, պարբերաբար  Հայաստան է եկել բուժումների:

Այս տեղեկությունները Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան՝ փաստաբան Վահե Մնացականյանը. «Ընտանիքով է Ռուսաստանում ապրում, երկու փոքրահասակ երեխա ունի, կինը հղի է, երկու ամսից ծննդաբերելու է, նորմալ աշխատող մարդ է, նորմալ ընտանիքի հայր է, ոչ հանցագործ աշխարհի հետ կապ ունի, ոչ էլ իրեն հետաքրքիր է այդ աշխարհը»:

Փաստաբանն  ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր պաշտպանյալը ոչ սպանվածին, ոչ էլ սպանությունը կատարելու մեջ մեղադրվողին չի ճանաչում: Մեր հարցին, թե ինչ հիմքով եք պնդում, որ չի ճանաչում, եթե ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ  իրավապահների միջոցառումներով պարզ դարձավ, որ սպանություն կատարելու մեջ կասկածվողը  այս տարվա մայիսին մեկ շաբաթով եղել էր Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում էր եղել նաև սպանությանն օժանդակելու մեջ կասկածվող անձը:

Եվ նրանք մի քանի անգամ հանդիպել էին: Դրանից հետո, 1 օրվա տարբերությամբ նրանք վերադարձել  են ՌԴ: Հունիսին, օրերի տարբերությամբ, կրկին եկել են Հայաստան, և օրեր անց տեղի է ունեցել  սպանությունը, որից հետո ժամերի տարբերությամբ երկուսն էլ լքել են Հայաստանը, պարոն Մնացականյանը պատասխանեց. «Նախաքննական մարմինը ինձ նման տեղեկություն չի հայտնել , եթե նման բան հրապարակվել է , ապա իմ ունեցած նյութերում դրանք լրիվ հերքվում են: Իմ վստահորդը մայիսից մինչեւ օգոստոս մի քանի անգամ է գնացել Հայաստանից ու վերադարձել: Առողջական խնդիրներ ունի, բայց աշխատում է Ռուսաստանում:

Առողջական խնդիրներով պայմանավորված գնացել է Հայաստանից ու վերադարձել: Եթե այդ ընթացքում իր գնալ-գալը ինչ-որ անձանց հետ համընկել է ժամանակագրական առումով, չեմ կարծում, որ դրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերում է իրենց նշած անձին, ում հետ իմ վստահորդը հանդիպել է, նման բան ընդհանրապես չկա, միանգամից հերքում եմ, հանդիպում բացառված է, չի եղել ու ներկայացված նյութերում էլ նման բան չկա, հակառակը՝ հերքվում է»:

Նյութի աղբյուր՝ Առավոտ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ