Տարեկան մեկ միլիարդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ Արարատյան դաշտավայրում սահմանվում են այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջուրն ու դրա արդյունքում ձկան արտադրության քանակը։ Այսինքն՝ կոնկրետ քանակի ջրով պետք է կոնկրետ քանակի ձուկ արտադրվի։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ սրա նպատակն այն է, որպեսզի խրախուսվի շրջանառու ջրի օգտագործումը՝ կիրառելով այնպիսի տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք արդեն հասանելի են։ Որպեսզի կառավարությունը խրախուսի այդպիսի վարքագիծը, առաջարկվում է կազմակերպություններին լիզինգով սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել։

Կառավարությունը կսուբսիդավարի լիզինգով վերցված սարքավորումների 12 տոկոսի 8 տոկոսը։ Առաջարկվում է, որ 20 տոկոս կանխավճարի կեսն էլ կառավարությունը սուբսիդավորի։ Ըստ նախարարի՝ այսինքն՝ տնտեսավարողը 10 տոկոս կանխավճարով ու ընդամենը 4 տոկոսադրույքով սարքավորում կարող է ձեռք բերել լիզինգով։ Այդ սարքավորումները հնարավորություն են տալու փակ ցիկլով շրջանառել ջուրը, ինչը կբացառի կորուստները։ Ըստ նախարարի՝ այս ջրօգտագործման քանակների սահմանափակումը տարածվելու է միայն նոր ջրօգտագործման իրավունք ստանալու համար դիմած տնտեսվարողներին։ Այն ջրօգտագործման իրավունքները, որոնք արդեն ուժի մեջ են, իրենք կշարունակեն գործել ստացված իրավունքների սահմաններում: 2023 թվականից հետո, երբ կավարտվի թույլտվությունների ժամկետը, արդեն նրանց նկատմամբ էլ կկիրառվի այս կարգավորման պահանջը։

Ձկնաբուծարանների համար ջրօգտագործման թույլտվությունների ծավալը տարեկան 1 մլրդ 100 մլն խմ է, իսկ նոր թույլտվություններ չեն լինելու, ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա նշեց, որ առաջիկա մոնիթորինգի արդյունքում կբացահայտվեն այն տնտեսվարողները, որոնք մեկ միավոր ջրով ավելի քիչ ձուկ են արտադրում, քան հնարավոր է արտադրել։ Եվ քանի որ այդ ժամանակահատվածում կլրանա արդեն տրված ջրօգտագործման թույտվությունների ժամկետը, արդեն գործող ձկնաբուծարանները պետք է իրենց ծավալները համապատասխանեցնեն սահմանված չափաքանակին։ Դա էապես կնվազեցնի օգտագործվող ջրաքանակը Արարատյան դաշտում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ձկնարդյունաբերությունն այսօր տնտեսության կայացած ոլորտներից մեկն է։ «Մենք նաև լուրջ ռիսկեր ու պրոբլեմներ ենք ունեցել։ Մենք մի ժամանակ հաշվել էինք, որ տարեկան մեկ միլիարդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք։ Ընտրությունը հետևյալն է՝ կամ մենք ասում ենք, գիտեք ինչ, այս արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել։ Կամ էլ ասում ենք, որ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը էլի չի կարող լինել։ Երկու դեպքում էլ դա նշանակում է հարվածել տնտեսությանը, ինչը չենք կարող անել։ Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, պետք է ռիսկերը կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»,- ասաց նա։

Ըստ վարչապետի՝ սուբսիդավորումը հավերժ չի կարող շարունակվել, ինչ-որ պահից սկսած, հնարավոր է 2023-ից հետո չափանիշներին չհամապատասխանող ձկնաբուծարանները պետք է փակվեն։

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ