Թամարա Պետրոսյանը՝ «տանը մնալու» թեմային հումորով նայելու մասին

«Տանը մնացի՞»՝ նոր մոնոներկայացում դերասանուհի Թամարա Պետրոսյանի մասնակցությամբ։ Դերասանուհին իրեն հատուկ հումորային պրիզմայով կանցկացնի հետաքրքիր, երբեմն նյարդայինացնող, բայց միշտ արդի՝ տանը մնալու թեման իր բոլոր նրբերանգներով։

33-ամյա դերասանուհին ծիծաղելով արձագանքեց  հարցին՝ իրականում էլ է՞ ինքն այդ թեմային նայում հումորի տեսանկյունից․ «Ուրիշ ճար չունեմ՝ ո՞նց նայեմ։ Հումորով չնայես՝ կարող է գժվես։ Ավելի մեծ սերնդի մարդիկ սկսում են քեզ խղճահարությամբ նայել, որովհետև  իրենց համար դու պետք է արդեն դպրոցական տարիքի երեխաներ ունենայիր․ իմ բոլոր  դասարանցիները, կուրսեցիները արդեն ընտանիքներով մարդիկ են։

Եթե այդ դիտակետից ես նայում՝ այո՛,  մտավախություն ունենում ես, բայց մյուս կողմից, որ դիտակետից ինքս եմ նայում, նոր սերնդի ներկայցուցիչներն են նայում՝ ամբողջությամբ հանգիստ վիճակ է լինում։ Իրականում ինձ մոտ շատ հանգիստ  վիճակ է, չնայած երբեմն, ինչ խոսք, անհանգստություններ  ունենում եմ։ Բայց այդ անհանգստությունն էլ այնքան շատ չէ, որ ես դրանից ընկճախտի մեջ ընկնեմ»։

Թամարայի խոսքով, դա բավականին ակտուալ խնդիր է՝ տանն ես մնացել, թե՞ ոչ․ «Տատիկները, մամաներն ու պապաները  կարող են ինձ դասել տանը մնացածների շարքին, բայց մյուս կողմից էլ, հաշվի առնելով աշխարհում ներկայիս միտումները, այն թե ինչպիսի կարգ ու կանոն է տիրում, դեռ ամուսնանալու ժամանակ ունեմ։

Սա բավականին տարածված հարց է մեր օրերում, որը  ցանկացանք բարձրացնել։ Ինչ հարց տալիս է վերնագիրը՝ «Տանը մնացի՞», այդ ուղղությամբ էլ գնալու է ներկայացման բովանդակությունը, որը բաղկացած է տարբեր պատմություններից»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ