Իրավապահ համակարգը պետք է պատրաստվի արդեն այսօրվանից, հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարության նիստում, որտեղ հաստատվել է քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը: Դատախազը այն համարել է Հայաստանում հանցավորության դեմ պայքարի կարեւորագույն քայլ, հույս հայտնելով, որ նախագիծը կընդունվի նաեւ խորհրդարանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ այդ բացատրել է, որ խոսքը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի խստացում նախատեսող նախաձեռնության մասին է, որը քրեորեն հետապնդելի է դարձնելու ենթամշակույթի այսպես ասած տարբեր «կարգավիճակների» հետ առնչություն, ինչպես «օրենքով գող», «ավտարիտետ», «օբշակ» եւ այլն:
Հայաստանում քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին Փաշինյանը հայտարարեց ամիսներ առաջ՝ դատախազի օրվա առիթով Գլխավոր դատախազությունում ունեցած ելույթի ընթացքում: Գլխավոր դատախազը նոր օրինագծի կապակցությամբ նշել է, որ իրավապահ մարմինները պետք է արդեն սկսեն պատրաստվել այդ օրենքի կիրառմանը: Ըստ նրա, իրավապահներն ունեն օպերատիվ բավականաչափ բազա՝ արդեն իսկ այդ տարրերի հետ աշխատանք սկսելու եւ նրանց բացատրելու համար, թե ինչ կլինի իրենց հետ, եթե նրանք չփոխեն իրենց վարքագիծը:
Քրեական ենթամշակույթի կրողները բանտը համարում են իրենց տուն, ուրեմն պետք է նրանց ուղարկել տուն, հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Հնարավո՞ր է Հայաստանում գրեթե համատարած քրեական ենթամշակույթի դեմ պայքար: Ենթամշակույթ, որն արտահայտվում է անգամ կրթական հաստատությունների կոնտինգենտի շրջանում, բուհերի միջանցքներում, դիմաց, անգամ դպրոցներում: Քրեական ենթամշակույթ, որն այս կամ այն կերպ լցրել է նաեւ հեռուստաեթերը:
Անգամ Երեւանի եւ Հայաստանի ճանապարհային երթեւեկության խնդիրների ահռելի մասը պամանավորված է ոչ այնքան վարորդական որակներով, մեքենաների տեխնիկական հատկանիշներով, վկայականների տրամադրման կոռուպցիոն ռիսկով, որքան քրեական ենթամշակույթի թելադրած գիտակցության եւ արժեքների խնդրով, որի կրողները հայտնվում են ղեկին:
Ակնառու է, որ Հայաստանի արդիականացումը կախված է պարզ դիլեմայից՝ կամ մշակույթ է դառնում օրենքը, կամ պահպանվում է համատարած քրեական մշակույթը, որը արդեն հատել է անգամ «գենդերային հավասարության» որոշակի սահմանները: Պարզ դիլեման պահանջում է իհարկե բավականին բարդ աշխատանք, դժվար լուծումներ, որովհետեւ մի բան է օրենքի ընդունումը, մեկ այլ բան այդ ենթամշակույթի առկայության պայմաններում դրա իրավակիրառման արդյունավետությունը:
Սակայն, այստեղ գործնականում նաեւ Հայաստանում քաղաքական փոփոխությունների ապագայի հարցն է, այդ փոփոխությունների համատեքստում հռչակված համահայկական, արտաքին, անվտանգային, տնտեսական նպատակների իրականացման հարցը: Այդ ամենը ենթադրում է հանրային, պետական կյանքը քրեական ենթամշակույթի «ցանցից» դուրսբերում: Հակառակ պարագայում, հայկական պետականության առանցքում համահայկական ցանցի մասին խոսակցությունները լինելու են ինքնախաբեություն:
Նյութի աղբյուր՝ Lragir.am