Մարտի մեկը «վարագույրից» այն կողմ․․․ նոր մանրամասներ անհերքելի փաստերով

Մարտի 1-ի ողջ իրավիճակը չի եղել ոչ զանգվածային անկարգությունները կանխելու համար բավարար հիմք, ոչ էլ այնտեղ պայթյունավտանգ իրավիճակ է եղել, ինչպես փորձում է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ նախօրեին հրավիրած ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերին։

Ալումյանն ասուլիսի ժամանակ պնդումներ էր անում, թե միֆ է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով։ Նա նույնիսկ հղում արեց Սահմանադրության 8․2 հոդվածին, ըստ որի՝ «Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը»։

Ալումյանը մեկնաբանեց, թե հոդվածում նշված անվտանգությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորություն է, իսկ ներքին անվտանգությունը այլ մարտահրավերների հետ ներառում է նաեւ զանգավածային անկարգություններ, տեռորիստական ակտեր եւ այլն։ Սեդա Սաֆարյանը Հայկ Ալումյանի պնդումն ուղղակի անընդունելի է համարում։

Նրա խոսքով՝ պաշտպանը մեջբերել է միայն այն հատվածը, որն իրենց է ձեռնտու, սակայն մեր օրենսդրության մեջ հստակ նշված է՝ ԶՈՒ-երը չի կարելի օգտագործել ներպետական հարցերում։ «Բացի այդ, իշխանությունը դեռ փետրվարի 23-ից է շատ լուրջ պատրաստվել, թե ինչպես է կազմակերպելու Մարտի 1-ը, եւ ոնց է սեփական ժողովրդին քոթակելու, որ նրանք հանրահավաքն ընդհանրապես մոռանան»,- ասաց Սաֆարյանը եւ ավելի առարկայական բացատրելու համար ասաց, որ դեռ 2008 թվականի փետրվարի 24-ին, 25-ին, 26-ին տարբեր ստորաբաժանումներից զորքի տեղաշարժ է եղել, զրահատեխնիկա է տեղափոխվել դեպի մայրաքաղաք․

«Տպավորություն է, որ մարտի դաշտը Լեռնային Ղարաբաղի սահմաններից տեղափոխվել է Երեւանի կենտրոն, եւ որեւէ մեկը չի կարող հիմնավորել ու հաստատել, որ հանրահավաքի մասնակիցները Մյասնիկյանի արձանի մոտ իրենց այնքան վատ են պահել, որ այս կարգի իրավիճակ է կիրառվել։ Որովհետեւ նույն գործով հարցաքննված անձինք ասում են, որ հանրահավաքի մասնակից անձանց կողմից որեւէ հակաօրինական բան չի եղել։ Այն, ինչ կազմակերպվել է Լեո, Պռոշյան փողոցների վրա, դրանք իշխանությունների կազմակերպած սադրիչ գործողություններն են եղել, որոնց ի պատասխան՝ իրենք փորձել են իբրեւ թե համաչափ գործողություններ ձեռնարկել»։

Մանրամսները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ