Թբիլիսիի կենտրոնում կինը հարձակում է գործել ծնողների հետ քայլող երկու մանկահասակ երեխաների վրա, գրում է lenta.ru-ն: Միջադեպի տեսագրությունը տեղադրվել է Youtube-ում:
Կադրերում երևում է, թե ինչպես է միջին տարիքի կինը նախ հանգիստ քայլում երեխաների ձեռքից բռնած ընտանեկան զույգի կողքով, ապա անսպասելիորեն հարձակվում երեխայի վրա՝ նրա դեմքին հարվածներ հասցնելով: Դրանից հետո նա հանգիստ քայլերով հեռանում է, սակայն շուտով վերադառնում է: Այն բանից հետո, երբ մայրն իր ետևում պաշտպանում է երեխային, կնոջ ուշադրության կենտրոնում հայտնվում է հոր ձեռքից բռնած մյուս երեխան: Ծնողը, բարեբախտաբար, արագ կողմնորոշվում է և հասցնում կանխել հարվածը:
Երկրորդ հարձակման փորձից հետո կինը հանգիստ անցնում է փողոցը: Երբ հայրը փորձում է հասնել նրա ետևից, նա սպառնում է վերջինիս սուր գործիքով, որով իրականացրել էր հարձակումը:
Հաղորդվում է, որ հարձակում գործած 50-ամյա կինը ձերբակալվել է: Նրա դեմ անչափահասի առողջությանը դիտավորյալ կերպով լուրջ վնաս հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել: Չարագործին 7-10 տարվա ազատազրկում է սպառնում:
Տուժած երեխան քթի և աջ այտի շրջանում խոր կտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկների խոսքով՝ իրենք ամեն ինչ արել են, որ նա պլաստիկ վիրաբուժության կարիք չունենա: Վիրահատությունից հետո տղայի վիճակը միջին ծանրության է:
Նյութի աղբյուր՝ ԹԵՐԹ.am