Քաղաքապետարանը 70 մլն դրամ է հատկացրել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնին․ նախարար

Քաղաքապետարանի կողմից հատկացված միջոցներով «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կկատարվի վերանորոգում, կընդլայնվեն ծառայությունների մատուցման վայրերը և հզորությունները: Այս մասին բժշկական կենտրոն այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կենտրոնը համակարգաստեղծ է, կարող ենք ասել, որ Հայաստանում սրտաբանության օրրանն է: Այստեղից են դուրս եկել մեր շատ անվանի բժիշկներ, մինչև հիմա էլ շատ անվանիները աշխատում են: Մեզ համար շատ կարևոր է, որ կենտրոնն իր այդ համբավը պահպանի, և շարունակի որակյալ բժշկական ծառայություններ մատուցել: Ունենք խնդիր միայն թողունակության, այսինքն՝ երբ հիվանդները գալիս են, բայց տեղ չի լինում սպասարկելու, և մենք տեղեկացանք, որ քաղաքապետարանը հավելյալ 70 մլն դրամ բյուջե է տրամադրել այս տարի քաղաքային բյուջեից, որպեսզի վերանորոգում կատարվի և ընդլայնվի ծառայությունների մատուցման վայրերը, և հզորությունները»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ պլաններում կա նաև նոր մասնաշենքի կառուցում, որպեսզի մահճակալային ֆոնդն էլ մեծանա, և կենտրոնը կարողանա ավելի մեծ թվով ստացիոնար հիվանդների ընդունել:

«Քննարկումն արդեն սկսվել է, կա համապատասխան հողակտոր այն կառուցելու համար, սակայն դա շատ երկարատև կապիտալ ներդրում է, այս պահին հստակ ժամկետ նշել չեմ կարող»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Երևանի քաղաքային բյուջեից այս տարի մոտ 200 մլն դրամ հատկացվել է նաև քաղաքապետարանին ենթակա այլ բժշկական կառույցներում վերանորոգման և վերազինման աշխատանքներ կատարելու համար:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ