Հայրիկ ջան, ուզում եք՝ դուք տվեք հարցազրույց. Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացուն

Ամառային արձակուրդներ են եղել, ընդհանուր պատգամավորների հետ քննարկումներ են եղել տարբեր հարցերով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկված հարցերը։

«ԲԴԽ–ի անդամ, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որ սկսելու են սեպտեմբերի 9-ից, ամառային արձակուրդներ են եղել, ընդհանուր պատգամավորների հետ քննարկումներ տարբեր հարցերով»,–նշեց նա։

Պատասխանելով Ամուլսարի մասին հարցին՝ Ալեն Սիմոնյանը նշեց.  «Դա խմբակցության քննարկման հարց չի, այն գտնվում է մասնագիտական ոլորտում, այստեղ զուտ կարող է խմբակցության ներսում քննարկումներ գնալ, ով ինչ կարծիք ունի։ Դա խմբակցության որոշելիք հարցը չի, դա կառավարության հարցն է, որ եթե եկավ ԱԺ, այդ ժամանակ կքննարկենք։ Մեր խմբակցության վարչապետը եւ կառավարությունը գործող կառավարություն ու վարչապետն են, ես եւ իմ գործընկերները լիակատար աջակցություն ենք հայտնել մեր վարչապետին, հարցը գտնվում է քննարկման փուլում, վարչապետը եզրակացությունը ուղարկել է  նախարարություն, երբ որոշումը կլինի, այն ժամանակ մեր կարծիքը կհայտնեք։ Այսօր ՀՀ կառավարությունն է որոշում, թե ինչ է լինելու եւ արդեն ասվել է՝ եթե կլինի մի փոքր մտավախություն, որ դա կարող է վնաս պատճառել 1 լիտր ջրին, մենք քննարկելու բան չունենք»։

Դիտարկմանը, թե հանրության ուշադրությունը Ամուլսարի հարցից շեղելու համար Գագիկ Խաչատրյանի քրգործը առաջ բերվեց, ինչպես ինքը կարձագանքի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ժպիտով, որովհետեւ ինձ համար շատ ավելի կարեւոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի գործը, որովհետեւ այնտեղ խոսքը գնում է պետությանը պատճառված վնասի մասին, իսկ այստեղ քննարկում է ընթանում, թե հնարավոր է որ վնաս լինի, թե չլինի»։

Իսկ Ամուլսարի հարցով կառավարության դիրքորոշումից տարբերվող տեսակետ ունեցող պատգամավորների մասով Ալեն Սիմոնյանն ասաց. «Ձեզ թվում է, թե Ազգային ժողովում եղել է օրենքի նախագիծ, որտեղ 100 տոկոսով բոլորի դիրքորոշումները համընկե՞լ են։ Այն ժամանակ լրագրողները ինձ մոտենում էին, հարցնում էին, թե մտավախություն կա, որ բոլորը կդառնան կոճակ սեղմող, հիմա հակառակն եք ասում, ոչ քննարկում ենք, դա ուրախալի է, ՀՀ քաղաքացին  պետք է  գոհ, շնորհակալ եւ ուրախ լինի, որ այսօրվա իշխանությունը քննարկում է եւ ականջալուր է լինում»։

Հարցազրույցի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ, որը հունից հանեց Ալեն Սիմոնյանին։ Մարդը , որը անընդհատ միջամտում էր հարցազրույցին, փորձում էր ինչ — որ բան ասել։ Պատգամավորը խնդրեց սպասել, բայց երբ հասկացավ , որ քաղաքացին չի պատրաստվում լռել, հրավիրեց իր փոխարեն հարցազոևյց տալ։

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ