Չհայտարարագրված միլիարդատերը. Ի՞նչ ունեցվածքի տեր է Գագիկ Խաչատրյանը

ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն իր պաշտոնավարման տարիներին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրում մինչև նախարար դառնալը ներկայացրել է միայն դրամական միջոցները՝

272 մլն դրամ և 2.972.000 դոլար: Ո՛չ անշարժ, ո՛չ շարժական, ո՛չ որևէ գույք ՊԵԿ նախագահ եղած տարիներին նա չի հայտարարագրել։ Միայն նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո նախկին պաշտոնյան հայտարարագրում է 5 բազմամյա տնկի, տնտեսական շինություններով անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում: Այժմ այն մասին, թե ինչ ունեցվածք ունի Գագիկ Խաչատրյանը ոչ պաշտոնապես, ինչի մասին տարիներ շարունակ գրել և գրում է մամուլը։ Այսպիսով, համաձայն մամուլում հրապարակված տեղեկության՝ Գագիկ Խաչատրյանին են պատկանում «Մեգաֆուդ», «Մեգակոնցեռն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Ալյանս տերմինալ» ընկերությունները։

Նախկին պաշտոնյային են պատկանում նաև Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, Եղվարդի մոտակայքում գործող կաթնամթերք, այդ թվում՝ պաղպաղակ արտադրող «Անի» ընկերությունը։ Եղվարդում Գագիկ Խաչատրյանն ունի նաև ջերմոցներ: Նախկին պաշտոնյային են պատկանում նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները: Գագիկ Խաչատրյանը վերջին՝ ավելի քան 15 տարում Հայաստան շոկոլադ ներկրողներից է։ Նրան է պատկանում ուկրաինական «Ռոշեն» քաղցրավենիքի՝ Հայաստան ներմուծող ընկերությունը։ 2011 թվականին Գագիկ Խաչատրյանը, ըստ մամուլում տարածված տեղեկության, 200 միլիոն եվրոյով գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադի գործարանը։

Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն նախկին պաշտոնյան վճարել է կանխիկ, իսկ մնացածը՝ բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է նրա որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում են արտադրվում Հայաստանի մեծահարուստների շրջանում հայտնի «Մոցարտ» շոկոլադները։ Ըստ մամուլի՝ նախկին պաշտոնյային է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները հասնում են մի քանի միլիոն դրամի:

Մինչև 2016 թվականը Գագիկ Խաչատրյանի ընտանիքին էր պատկանում նաև «Յուքոմ» ընկերությունը, որի հսկիչ փաթեթը նույն թվականին վաճառվեց։ Մամուլի համաձայն՝ նրան է պատկանում նաև «Նոր Զովք» սուպերմարկետի ցանցը։ Անդրադառնանք նաև Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքին պատկանող անշարժ գույքին։ Ծաղկաձորում գտնվող մեծ առանձնատունը մամուլը կապում է Խաչատրյանի անվան հետ:

Այդ դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ։ Առանձնատունը գնահատվում է 3,5 — 4 մլն դոլար: Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011-ից Ֆրանսիայում գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն, որի միջոցով նույն տարում Փարիզի ամենաթանկ համարվող թաղամասերից մեկում՝ Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասում, բնակարան է ձեռք բերել։ 8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ