Ռոբերտ Քոչարյանը մի՞ֆ է, թե՞ «միակ տղամարդ»

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը համարում է, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում։ Պաշտպանը միֆ է որակում հակառակ պնդումը։

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ուղղակիորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը, մասնավորապես, զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է փաստաբանը:

Ասածը հիմնավորելու համար Ալումյանը նախորդ Սահմանադրությունից մեջբերում է արել։ Մայր օրենքի նախկին խմբագրմամբ 8.2 հոդվածը, նորով՝ 14-րդ հոդվածը, ըստ պաշտպանի, փաստում է, որ Զինված ուժերը նաև ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար են:

Սահմանադրության համապատասխան հոդվածում ասված է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

Ալումյանը, անշուշտ, պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով օժտված իրավաբան է, սակայն նա այս դեպքում ակնհայտորեն խեղում է փաստերը՝ մանիպուլյատիվ մեկնելով Սահմանադրության համապատասխան հոդվածը: Ցանկացած բանական քաղաքացի կարող է ինքնուրույն ընթերցել մեր կողմից մեջբերված սահմանադրական կարգավորումը ու համոզվել, որ այն բացառում է բանակի օգտագործումը ներպետական հարցերում: Հայաստանի անվտանգության համար սպառնալիք են եղել ոչ թե խաղաղ հանրահավաքները, այլ նախագահական ընտրությունների համակարգված կեղծումը, որի նպատակը եղել է քրեաօլիգարխիայի իշխանության երկարաձգումը՝ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով: ԶՈւ-երը Քոչարյանի հրամանով դուրս են բերվել քաղաքական չեզոքության ռեժիմից՝ վտանգելով ոչ միայն սահմանադրական կարգը, այլ նաև անվտանգությունն առաջնագծում, ինչից էլ շտապել է օգտվել Բաքուն՝ կազմակերպելով դիվերսիա:

Սակայն ավելի էական է, որ Քոչարյանի թիմը փոխել է պաշտպանական մարտավարությունը, ինչն անուղղակիորեն հաստատում է, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է: Նախկինում երկրորդ նախագահի պաշտպանները կատեգորիկ պնդում էին, որ ԶՈւ-երը Մարտի 1-ին չեն մասնակցել, հիմա արդեն՝ փաստերի ճնշման տակ, մասնակցությունը համարում են լեգիտիմ՝ պնդելով, սակայն, թե զինվորականները չեն կրակել կամ Արցախից Երևան չեն բերվել:

Քոչարյանի պաշտպանների վերջին երկու պնդումները որևէ աղերս չունեն իրականության հետ: Միայն Օգանովսկու ցուցմունքը բավարար է երկրորդ նախագահի պնդումները հերքելու համար: Հիմա Քոչարյանը կամ պետք է գնա ակնհայտ հակապետական ճանապարհով՝ պնդելով իր մեկ այլ պաշտպանի պնդումը, թե ազատագրված տարածքներն Արցախ չեն, կամ էլ հայտարարի, որ ինքը ոչ թե «միակ տղամարդ» է, այլ միֆ, իսկ Մարտ 1-ի «հրամանատարը» եղել է Սերժ Սարգսյանը: Գուցե այս վտանգն են կանխազգում Սերժ Սարգսյանի կուսակիցները՝ անխուսափելի համարելով իրենց շեֆի ձերբակալությունը:

Եթե հետևենք պաշտպանների սպառված մարտավարությանը, ապա Քոչարյանը միֆ է, ու Հայաստանն այդ անունով նախագահ չի ունեցել: Քաղաքական այս անմեղսունակությունը Քոչարյանին վերջնականապես դուրս է դնում քաղաքականությունից՝ նրա վերջնական հանգրվան դարձնելով «ԿԳԲ-ի պադվալը»:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ