Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Օգոստոսի 28-ին, ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 07։50-ի սահմաններում Վադենիս քաղաքի բնակիչ՝ Սերյոժա Թադևոսյանը իր արած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 համարանիշի ավտոմեքենայով «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության Սոթքի ոսկու հանքավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ, ով տեղում մահացել է։
Փրկարարները, ոստիկանները, հանքի աշխատակիցները դարձի են բերել ավտոբուսը և դին դուրս բերել և քննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է Վարդենիսի դիահերձարան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական: