Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը և իր պատվիրակության մյուս անդամները Հայաստանից մեկնում են վստահ համոզմամբ, որ Հայաստանն անշեղորեն ընտրել է ժողովրդավարության շատ բարդ ճանապարհը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Ու 100 տարվա ժողովրդավարություն նշող Շվեդիան պատրաստ է համագործակցել մեզ հետ այդ հարցում։ Բարի ճանապարհ ու մինչ նոր հանդիպում»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները սերտանում են՝ նպաստելով փոխգործակցության զարգացմանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Թագավորությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար` մասնավորապես անդրադառնալով նաև խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի որդեգրման կարևորությանը հետագայում մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելման առումով: