Աննախադեպ շրջադարձ Ամուլսարի գործում․ ինչ էր կատարվում խորքում

Ամուլսարի հարցը համացանցում քննարկվում է ամենատարբեր շեշտադրումներով ու դիտարկումներով, որոնց սակայն միավորում է առավելապես ներքին ուղղվածությունը: Այն հասել է ընդհուպ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թեեւ ընդհանուր առմամբ բավականին տարածված են հիշեցումները նախկին իշխանությանը, որ Ամուլսարը հենց այդ իշխանության թողած ժառանգությունն է:

Դա իհարկե այդպես է: Նախկին իշխանությունն այդ առումով Ամուլսարի հարցում չունի միատարրություն, ինչպես մի քանի տարի շարունակ չի ունեցել գործնականում բոլոր հարցերում:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Սերժ Սարգսյանի շրջանակում գործող այլ սուբյեկտներ խոսում են Ամուլսարի հարցում երկրի միջազգային վարկանիշին սպառնացող վտանգի մասին, եթե կայացվի պայմանագիրը չեղարկելու որոշում:

Ռոբերտ Քոչարյանին հարող շրջանակների մի տեսանելի մաս համացանցում է անգամ SaveAmulsar գրառումներով: Իրականում որքանով են հստակ դիրքային բաժանումները, եւ որքան պայմանական, ասելը բավական բարդ է, ինչպես իրավիճակն ինքնին, ընդ որում հենց «հիմքից»:

Մի բանում թերեւս հնարավոր է վստահ լինել, որ Ամուլսարի հարցի պատասխանատվությունը չէր կարող լինել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա: Ոչ այն պատճառով, որ Աբրահամյանը բյուրեղյա հայրենասեր կամ բնասեր էր, այլ որովհետեւ Ամուլսարի հարցն իր խորքային քաղաքական նշանակությամբ թերեւս ավելին էր, քան Հովիկ Աբրահամյանի քաղաքական կալիբրը:

Նա իհարկե ձգտում էր բարձրանալ մի կալիբրի, որը թույլ կտար նրան Հայաստանի միջազգային եւ ռեգիոնալ դերակատարումով հետաքրքրված տարբեր ուժային կենտրոններում դիտարկվել իբրեւ իշխանության առաջին դեմքի թեկնածու, բայց Աբրահամյանն ակնհայտորեն անկարող եղավ հասնել այդ կալիբրին, չխոստովանելով միաժամանակ, որ սխալ էր, երբ հայտարարում էր, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ:

2015 թվականին Հովիկ Աբրահամյանը Վայոց Ձոր աշխատանքային այցի ընթացքում եղել է Ամուլսարում՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ, այնտեղ հետեւելով ծրագրի ընթացքին եւ հայտարարելով դրա կարեւորության մասին:

Բայց Հովիկ Աբրահամյանի այցն Ամուլսար ավելի շատ ոչ թե այսպես ասած պատասխանատվություն էր ծրագրի համար, այլ «կապիտուլյացիա»՝ ծրագրի առաջ, եւ ընդհանրապես քաղաքական գործընթացների առաջ, որոնք ծավալվում էին Հայաստանում այդ շրջանում:

Ամուլսարի ծրագիրը «միս ու արյուն» ստանալու փուլ մտավ այն շրջանում, երբ Հայաստանը բռնակցվում էր Եվրասիական միությանը՝ կոպտորեն անջատվելով Եվրասոցացման գործընթացից: Այդ բռնակցման գործում մեծ դեր ուներ Սերժ Սարգսյանի նահանջի որեւէ ճանապարհ փակող եւ մանեւրի որեւէ տեղից զրկող ոչիշխանական բեւեռը, որն ուներ ակնկալիք, որ ինչ որոշում էլ կայացնի Սերժ Սարգսյանը՝ այն արժենալու է իշխանություն: Իսկ այդ հեռանկարին պատրաստվում էր Հովիկ Աբրահամյանը, որը ոչիշխանական բեւեռի էական աջակցությամբ հայտնվեց Առաջին դեմքից մեկ քայլ հեռավորության վրա՝ վարչապետի պաշտոնում, 2014 թվականին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ