«Դավադրություն է կազմակերպվում». Լևոն Ջուլֆալակյանը՝ իր հրաժարականի մասին

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հրաժարականի պատճառներին:

«Իմ աշխատանքային ավելի քան 20 տարիներին գլխավորել եմ ազգային հավաքականը, այդ տարիների ընթացքում բոլորդ ծանոթ եք մեր հաջողություններին, դրանք տարեցտարի ավելացել են: Պարզ ասեմ՝ մեդալների հաշվարկ առայսօր չէի արել, երեկ ստիպված էի անել, որ ավելի լիարժեք ներկայացնեմ մեր հանրությանը: Այս տարիների իմ աշխատանքի արդյունքում ձեռք է բերվել 70 մեդալ, որոնք հիմնականում Եվրոպայի, Աշխարհի, Աշխարհի գավաթի, Օլիմպիական խաղերի մեդալներն են»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը հայտնեց, որ խնդիրներ չի ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ Օլիմպիական կոմիտեի, ոչ ֆեդերացիայի հետ կապված, տեղեկացրեց՝ երեք կառույցների ղեկավարներն էլ կողմ չեն եղել իր որոշմանը, սակայն ինքը համոզված է՝ իր որոշումը ճիշտ է:

Ներկայացնելով հրաժարականի պատճառները՝ Ջուլֆալակյանը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում տարաձայնություններ կան հավաքականում, որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների մասնակցության վայրը, մասնակիցների կազմը ևս ընտրվի իրենց ցանկությամբ:

«Կարճ ասած՝ կազմակերպվում է դավադրություն, պատճառն ինչ-որ տեղ հասկանալի է, ինչ-որ տեղ անհասկանալի, բայց փաստը մնում է փաստ, իմ բնավորության անձնավորությունը չի կարող շարունակել աշխատանքը»,- նշեց նա:

Ջուլֆալակյանն ասաց՝ ցանկանում է, որ ճիշտ ընտրություն կատարեն, ավելի պատրաստված մարզիչ ընտրեն, որը կկարողանա հասկանալ թիմի հոգեբանությունը: Ջուլֆալակյանը նշեց՝ նա արել է այն, ինչ կարողացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ