Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին:

«Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է, և վնաս է կրում քաղաքապետարանը»,- նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։

Հիմնական խնդիրներից մեկը բնակարանի վերանորոգումից հետո մնացած շինարարական աղբն է, որը պետք է տեղափոխվի Նուբարաշենի աղբավայր։ Այստեղ մեկ այլ խնդիր են ապօրինի շինաղբավայրերը։ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ շարունակում է հսկողությունը այդ տարածքներում՝ շինաղբով բեռնված մեքենաների վարորդներին զգուշացնելով և ուղղորդելով Նուբարաշեն։ Կոչերն անտեսելով՝ վերջերս վարորդներից մեկը, այնուամենայնիվ, ընտրել էր մոտակայքում գտնվող ապօրինի աղբավայրի ճանապարհը։ Հետևանքը՝ մեքենան ընկել էր աղբի ձորակը։

Նշեցինք, որ քաղաքային աղբարկղերն ու աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, սակայն օրեր առաջ Դավթաշենի աղբարկղերից մեկում հայտնաբերվեցին բժշկական պարագաներ, այդ թվում օգտագործված ներարկիչներ։ Վտանգավոր թափոնը հարևանությամբ գործող բժշկական կենտրոնինն էր։

«Խոսեցինք տնօրինության հետ, իրենք ընդունեցին սխալը և նշեցին, որ անփութության հետևանք է եղել: Բացի դրանից՝ մենք ստուգեցինք նրանց պայմանագիրը համապատասխան ընկերության հետ»,- նշում  է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

«Թափոնների մասին» օրենքն ասում է, որ բժշկական և վտանգավոր այլ  թափոնները վտանգում են մարդու առողջությունը և միջավայրը։ Դրանք պետք է պահվեն հատուկ առանձնացված հատվածներում և այրման եղանակով ոչնչացվեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։

«Գրություն է ուղարկվել առողջապահական տեսչական մարմին, որպեսզի վարչական վարույթ իրականացվի և բժշկական կենտրոնը տուգանվի (100-150 հազար ՀՀ դրամ) »,- նշել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

«Մասնավորը փորձնական 25 աղբաման կտեղադրի Երևանում տեսակավորված աղբի, պլաստիկի համար: Հորդորում ենք  առանձնացնել նաև ստվարաթուղթը, որն առանձին կազմակերպություն կգա և կտանի»,- ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Մինչ ոլորտի ամբողջական բարեփոխումը՝ քաղաքապետարանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով, համալրվող տեխնիկայով ու նոր աղբամաններով կշարունակի զբաղվել քաղաքի մաքրությամբ: Ի դեպ, Դավթաշենում քաղաքացիները փոփոխությունն արդեն զգում են:

Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի:

Երևանում աղբի տեսակավորման, շինաղբի և վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին

Երևանում աղբի տեսակավորման, շինաղբի և վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Monday, August 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ