Որոշումն անձամբ Նիկոլ Փաշինյանն է կայացնելու. Ոչ ոք չի ուզում կիսել պատասխանատվությունը

Հայաստանի Քննչական կոմիտեն նորից հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերը կառավարելի են, եւ ջրի ու օդի վրա ազդեցությունը էական չի լինելու:

Շրջակա միջավայրի նախարարությունը դեռ չի հրապարակել իր եզրակացությունը, թե արդյոք անհրաժեշտ է նոր փորձաքննություն: Շրջակա միջավայրի նախարարությունը լռում է, հնարավոր է, որովհետեւ բանն ամենեւին էլ բնապահպանությունը չէ: Նախարարությունն արդեն տվել է իր եզրակացությունը՝ Լիդիան ընկերությանն Ամուլսարի շահագործման իրավունք տալով: Հիմա, եթե հետ վերցնի թույլտվությունը, ապա, փաստացի, իր վրա կվերցնի խոշորագույն ներդրումային նախագծի չեղարկման քաղաքական պատասխանատվությունը:

Ընդհանրապես, Ամուլսարի գործով պատասխանատվությունն առանցքային հասկացություն է: Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, օրինակ, բաց տեքստով ասում է, որ խորհդարանը չի քվեարկելու այդ հարցով, այնպես որ, իշխող խմբակցությունում ոչ մի պառակտում չկա, չնայած կարծիքների բախում կա:

Խորհրդարանը, փաստացի, չի մասնակցում որոշումների կայացմանը, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր չէ փոխել իր որոշումը, որովհետեւ խոսքը ոչ թե շահագործման թույլտվություն տալու, այլ այդ թույլտվության հետկանչման մասին է: Իսկ հետ վերցնելու համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք նախարարությունը չունի:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ով նախկինում եղել է Լիդիանի տնօրենների խորհրդի կազմում, չի հայտնում իր կարծիքը եւ միայն պատրաստ է խորհուրդ տալ, եթե պետք լինի:

Ստացվում է, որ Ամուլսարի հարցով միանձնյա որոշում պետք է կայացնի Նիկոլ Փաշինյանը, եւ ցանկացած որոշման ողջ պատասխանատվությունը նրա վրա է ընկնելու: Քանի որ լուծումներն այնքան էլ շատ չեն, ցանկացած ելք ի սկզբանե պարտված է Փաշինյանի համար: Ամուլսարի շահագործման թույլտվությունը հետ չվերցնելու որոշումը կհանգեցնի բնապահպանների ու Ջերմուկի բնակիչների դեմ ուժային գործողության անհրաժեշտության: Որոշումը հետ չվերցնելն էլ հղի է բազմամիլիոնանոց միջազգային արբիտրաժով եւ որոշ արեւմտյան շրջանակների հետ հարաբերությունների վատթարացմամբ:

Ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն վերցնել կարեւոր քաղաքական որոշման համար: Այդ թվում, այն պատճառով, որ Հայաստանում չի գործում պատասխանատվությունը կիսելու մեխանիզմը: Սահմանադրությունը նախատեսում է միայն իշխանության տարանջատում՝ շրջանցելով պատասխանատվությունը: Որովհետեւ պատասխանատվությունը պատիժ է նախատեսում: Իսկ Հայաստանում իշխանությանը պատիժ չի ենթադրում:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ