Աննախադեպ որոշում Արցախում

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն աջակցելու նպատակով 16 մլն 200 հազար դրամ կհատկացվի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ ասել է. «Սա շատ կարևոր որոշում եմ համարում և, ինչպես հայտարարել եմ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը։ Եվ սա այդ միջոցառումների ցանկի մեջ մտնող գործողություն է, որը ինչ-որ առումով նաև աննախադեպ է»։

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել էր Ստեփանակերտի օգոստոսի 5-ի իր ելույթում: Ըստ ամենայնի, նման որոշում կընդունվի նաեւ Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահի եւ խորհրդարանի ընտրությանը:

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ի ելույթում հայտարարեց Արցախում ուժային եւ կոռուպցիոն սխեմաներով իշխանության ձեւավորումը բացառելու մասին, ինչն ակնարկ էր այն խմբավորումներին, նախկին վարչակարգի մնացորդներին, որոնք արդեն տեւական ժամանակ սկսել են «ընտրապայքարը», փորձելով պահպանել «ավանդական ընտրակարգը»՝ հիմնված վախի, հանրությանն ապակողմնորոշելու, քվեները «դասավորելու» վրա:

Միեւնույն ժամանակ, դիտորդական կազմակերպությունների աշխատանքը զուտ ընտրական գործընթացներում բավարար չէ: Արցախում խոսում են, որ վաղուց գումարներ են բաժանվում: Սա արդեն իրավապահների ու համապատասխան մարմինների խնդիրն է, որոնք պետք է կանխեն ու բացառեն նման ցանկացած դրսեւորում, այդ թվում ընդհուպ հանելով ընտրական գործընթացներից:

Նյութի աղբյուր՝ lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ