Սերժ Սարգսյանի «ձերբակալության», հետո այդ օպերացիայի իբրև թե ձախողման թեման գեներացրեցին հենց երրորդ նախագահի մերձավոր շրջապատի մարդիկ՝ նրա փեսա Միքայել Մինասյանի գլխավորությամբ։ Քաղաքական մազոխիզմի այս դրսևորումը տարբեր ենթադրությունների ու վարկածների տեղիք տվեց։
ՀՀԿ գործիչները թերևս ցանկանում էին «հերոսացնել» Սերժ Սարգսյանին, սակայն նրանց ստեղծած քարոզչական շոուին հասարակությունը գրեթե միարժեք պատասխան տվեց՝ Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Եթե ՀՀԿ գործիչները ժողովրդից այլ ակնկալիք ունեին, ապա անվերադարձ կորցրել են կապը քաղաքական իրականության, ադեկվատության հետ։
Անցած մեկ ու կես տարվա ընթացքում հասարակությունն առնվազն երկու անգամ մերժել է Սերժ Սարգսյանին ու նրա թիմին։
Հեղափոխությունը զարգացավ «Մերժիր Սերժին» կարգախոսով, սակայն «մերժվածը» համապատասխան հետևություններ չարեց՝ փորձելով գոնե մասնակիորեն վերականգնել իր դիրքերը խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Սակայն դեկտեմբերի 9-ը չդարձավ հին համակարգի գոնե մասնակի ռեստավրացիայի օր, ու ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը մերժվեցին՝ այս անգամ «էլեկտորալ հեղափոխության» միջոցով։
Հասարակության նման կոնսոլիդացված դիրքորոշումը պետք է ստիպեր այս կուսակցությանն՝ անցնել իրական ռեբրենդինգի միջով, ինչի ամենանշանային իրադարձությունը պետք է դառնար Սերժ Սարգսյանի հեռացումը ՀՀԿ նախագահի պաշտոնից ու քաղաքականությունից՝ առհասարակ։ Ցանկացած այլ պարագայում այս կուսակցությունը չի կարող ինտեգրվել հետհեղափոխական քաղաքական իրականությանն՝ ունենալով ռացիոնալ օրակարգ ու լեգիտիմ հավակնություններ։
Սերժ Սարգսյանը նման քաջություն չունեցավ, ավելին՝ կուսակցությունն ու նրա պոտեցիալը վերածել է սեփական անձին սպասարկող գործիքների։ Այս համատեքստում Սերժ Սարգսյանի «ձերբակալության» իմիտացիոն քարոզչական հնարքը ծուղակ կարող է դառնալ հենց այս կուսակցության և նրա առաջնորդի համար։ Հասարակությունը կարող է որսալ այս պահանջը՝ նման կտրուկ պահանջ դնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջ, մանավանդ, որ ժողովրդի շրջանում շրջանառվող դավադրական տեսությունների համաձայն՝ «մերժված» նախագահի ու գործող վարչապետի միջև գոյություն ունեն ստվերային պայմանավորվածություններ։
Սերժ Սարգսյանին «նստեցնելը», սակայն, ՀՀԿ-ի միակ «կրեատիվ» մտահաղացումը չէ։
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ տրվել է «Հայկ Ասատրյան» ակումբի մեկնարկը: Հայկ Ասատրյանը Գարեգին Նժդեհի գաղափարակիցներից մեկն է ու մի քանի ազգայնական տեսությունների հեղինակ, որոնք, ըստ էության, որևէ աղերս չունեն ժամանակակից պահպանողականության ու քաղաքականության հետ՝ առհասարակ։ Մեր այս պնդումն անուղղակիորեն հաստատում է նաև ՀՀԿ ղեկավար գործիչ Էդուարդ Շարմազանովը։ «21-րդ դարում, երբ գլոբալիզացիան վերածվել է արժեքային էքսպանսիայի, ազգային-քրիստոնեական գաղափարախոսությունն այն հենքն է, որի վրա պետք է կառուցել հայոց պետականությունը: Սթափվելու ժամանակն է:
Ինչպես կասեր Հայկ Ասատրյանը՝ «Արթնացիր, հայ մարդ»»,- նորաստեղծ ակումբի ստեղծման առթիվ գրել է Շարմազանովը։
ՀՀԿ-ն գաղափարական առումով հակադրվում է համաշխարհային զարգացման համատեքստին՝ իրեն նույն հարթության վրա դնելով եվրոպական ուլտրաաջրերի հետ, ու, բնական է, որ մերժվեց մեր հասարակության կողմից, որն իր քաղաքակրթական կողմնորոշմամբ ժամանակակից աշխարհի մաս է։
ՀՀԿ-ն Հայաստանում դարձել է պսևդոպահպանողականության դրոշակակիրը ու գեներացնում է մի գործընթաց, որի ավարտին կարող է հայտնվել լուսանցքում՝ իրականացված դարձնելով իր առաջնորդին բանտում տեսնելու «ցանկությունը»։
Նյութի աղբյուր՝ 1in.am