«Սեպտեմբերի 21-ը կնշենք Գյումրիում». Նիկոլ Փաշինյան

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա նվիրված տոնական հիմնական միջոցառումները կնշվեն Գյումրիում»,- այս մասին Գյումրիի Վարդանանց հրապարակում իր ելույթի ժամանակ հայտնեց վաարչապետ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի փողոցը։ Փողոցի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել է մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռը։

Կառավարության ղեկավարը շրջել է Գյումրու փողոցներով, ողջունել դրսում հավաքված գյումրեցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։ Շիրազի փողոցում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գյումրու գեղագիտական կենտրոնի սաների ցուցահանդեսի, ինչպես նաև Արհեստների ու արվեստների փառատոնի շրջանակում ներկայացված աշխատանքներին։ Ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված էր 21 տաղավար։

Հաջորդ կանգառը Ռուսթավելի փողոցն էր. այստեղ վարչապետն ընտանիքի հետ այցելել է Սուրբ Նշան եկեղեցի, ունկնդրել երգեհոնի կատարումը, ապա դիտել եկեղեցու մոտ «Անի» պարային համույթի շուրջպարը։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միացել են շուրջպարին և պարել հայկական ավանդական երաժշտության հնչյունների ներքո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ