«Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը երաժշտական գործիքներ նվիրեց Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին: Ձեռք բերված 9 գործիքները՝ ինչպես փողային, այնպես էլ լարային, երգչուհին անձամբ հանձնեց երաժշտական դպրոցին:
«Գյումրին իմ մանկության քաղաքն է: Այստեղ են ապրում իմ մորաքույրներն ու ընկերուհիները: Սա այն քաղաքն է, որտեղ անցկացրել եմ մանկությանս տարիները:
Գյումրիում ես միայն ու միայն բարեգործական համերգներով եմ եղել, այս անգամ ևս, երբ առաջարկվեց ինձ գումար՝ քաղաքի օրվան նվիրված համերգին ելույթ ունենալու համար, ես անմիջապես գումարից հրաժարվեցի, բայց հետո, երբ իմացա երաժշտական դպրոցի նախաձեռնության մասին, անմիջապես համաձայնեցի ու շատ ուրախացա, որ սրանից կօգտվեն երեխաները:
Սա այն քաղաքն է, որտեղ միայն բարեգործական համերգներով եմ ելույթ ունեցել: Մշակույթն առաջինն է, որ ներկայացնում է ազգին, ու մենք պարտավոր ենք աջակիցը լինել մշակույթի զարգացմանը»,-նշեց երգչուհին:
Երգչուհին երեկոյան՝ տոնական համերգի ընթացքում ելույթ կունենա նաև Գյումրու «Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» հետ: