Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորված Սողոմոն Հակոբյանը ցուցմունք է տվել

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորված Սողոմոն Հակոբյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ վթարից հետո իր ոտքերը կոտրված են եղել, ինքն այդ վիճակում նստած բավականին բաներ է տեսել, ասել է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 6-ին՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա. բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

Ստացած այրվածքներից «Գազել»-ի վարորդը եւ 6 ուղեւորները մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Վթարից ժամանակ անց ձերբակալվել, ապա կալանավորվել էր «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը։

Նա մեղադրվում է ՀՀ քր. օր. 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով)։ Թեմայի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։ — Տիկին Սաֆարյան, դուք պաշտպանում եք Սողոմոն Հակոբյանի շահերը։

Սույն գործով ի՞նչ նորություն կա։ — Նորություն չկա, պարզապես հիմա բազմաթիվ ապացույցներ ենք հավաքել, որպեսզի հասկանանք, թե վթարից հետո ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել, որովհետեւ վթարից բավական ժամանակ անց նոր հրդեհ է բռնկվել, մահերը, ըստ էության, բախման հետեւանքով չեն եղել։ Մենք հարցումներ ենք արել, փաստաթղթեր ենք պահանջել հրշեջ ծառայությունից, թե երբ են գնացել, ինչպիսի աշխատանքներ են տարել, ինչու են այս ծավալի վնասներ առաջացել, որովհետեւ մեր տրամադրության տակ ահագին փաստաթղթեր կան, որոնք շատ հանգամանքների մասին չփարատված են թողնում մեր կասկածները։

Նախաքննական մարմինն էլ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրա ուղղությամբ աշխատելու։ Կարծում եմ՝ 244 հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) չէին կարող իրեն մեղադրանք առաջադրել, քանի որ դեռեւս չեն պարզել, թե զոհերն ինչի պատճառով են եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ