Մալաթիա մոլ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին հետևում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ սա առանձնահատուկ դեպք է, քանի որ պահեստ է, որտեղ տարատեսակ ապրանքներ կան ու դրանք տարբեր ձևով են այրվում:
«Ահազանգից հետո 20 րոպեում դեպքի վայրում եղել է 6 մեքենա: Այս պահին մասնակցում է 22 մեքենա, 420 հրշեջ: Ցավում եմ, որ մարդիկ չեն գնահատում այս աշխատանքը»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ այսօր Խոսրովի արգելոցի մոտ բռնկված հրդեհի վայր մեկնելիս է տեղեկացել այս հրդեհի մասին և վերադարձել է Երևան:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս տարի հրդեհները շատ են, կան նաև խոշոր մասշտաբների անտառային հրդեհներ:
Նախարարը չբացառեց, որ այսօր հրդեհը կմեկուսացվի, բայց մարելը ժամանակ կպահանջի:
«7 կետով կրակ կա: Հենց հիմա հրդեհաշիջումը շարունակվում է»,-ասաց նա: