Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման արարողությանը։
Վարչապետը դիտել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների կողմից հայկական «Կարնո քոչարի»-ի պարային կատարումը, ապա հանդես եկել ողջույնի խոսքով։
Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության շրջանակում կազմակերպված համերգին։
«Քայլ դեպի տուն»-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից է, որի մասնակիցները 13-18 տարիքային խմբի սփյուռքահայ պատանիներն են: 2019 թ. ծրագիրն իրականացվել է 2 փուլով՝ հուլիսի 29-ից օգոստոսի 25-ը: Մասնակիցների թիվը 357-ն է` 28 երկրից։
«Քայլ դեպի տուն» ծրագիրը ներառում է հայոց լեզվի և ազգային երգ ու պարի դասընթացներ, այցելություններ Հայաստանի կրթական ու նորարարական կենտրոններ, պատմամշակութային վայրեր, ինչպես նաև հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի գործիչների հետ: