Գագիկ Ծառուկյանի 3մլն դոլար արժողությամբ մատանին ու 13 մեքենանաները. տեսեք, թե որքան է կազմում նրա ունեցվածքը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին պատգամավորության թեկնածուները ներկայացրել են իրենց ունեցվածքի հայտարարագրերը։ Թեկնածուների թվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը։

Ըստ հայտարարագրի, 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 1-ը Գագիկ Ծառուկյանի և իր կնոջ՝ Ջավահիրի եկամուտները շահաբաժնից, աշխատավարձից, տված փոխառություններից ստացված տոկոսներից ու այլ գործարքներից, Ծառուկյանը հայտարարագրել է շուրջ 4․207 մլրդ դրամ, 1,8 մլն եվրո և $333:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ծառուկյանն ուներ $161․3 մլն, 29.073 մլն եվրո և 678,509,000 դրամ (մոտ $1.404 մլն) դրամական միջոցներ։ Դրանց հանրագումարը՝ 2018 թ․ միջին փոխարժեքով՝ մոտ $195.806.784։

Նշված գումարից բացի, Ծառուկյանը բաժնեմասեր ունի 45 ընկերությունում, այդ թվում՝ «Արարատցեմենտում», «Կոտայք» գարեջրի գործարանում, «Երևանի Արարատ կոնյակի գինու գործարանում», «Օնիրա Քլաբում», «Զվարթնոց Հենդլինգում» ու տասնյակ այլ կազմակերպություններում։ Դրանց արժեքը չի նշվում։

8 մլն դրամ արժեքը գերազանցող գույքի թվում Ծառուկյանը թվարկել է 930,235 եվրո ընդհանուր արժողությամբ կահույքի 11 կոմպլեկտ, 251,799 եվրո արժողությամբ վարագույր, $1,8 մլն ընդհանուր արժեքով 6 ժամացույց (2-ը $0․5 մլն, 2-ը $0․3 մլն, 2-ը՝ $0․1 մլն արժողությամբ), $100 հազար արժողությամբ ոսկե շղթա ու 3 մատանի՝ $3 մլն, $1 մլն ու %0.7 մլն արժողությամբ։ Թվարկած գույքի ընդհանուր արժեքն է մոտ $7․846 մլն։

Անշարժ գույքի թվում հայտարարագրվել է 8 հողամաս՝ 35,2 հա ընդհանուր մակերեսով, և մոտ 7560 քառակուսի մետր մակերեսով 5 շինություն։

Ծառուկյանը հայտարարագրել է նաև 13 մեքենա՝ 2 Rolls Royce Phantom 6.7, 1 Bentley Bentayga, 2 Toyota Land Cruiser 200, 1 Toyota Land Cruiser Prado, 2 BMW X5 (1-ը՝ M կոմպլեկտացիայով), Mercedes G63 AMG, Toyota Tundra, Jeep Wrangler, Range Rover Sport, Nissan Patrol։

Անշարժ գույքն ու մեքենաները հայտարարագրված են որպես համատեղ սեփականություն։

Աղբյուր` Panarmenian.net

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ