Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիտարկումները: «Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանալու ա մոտ 25 տոննա փոշի ու հնարավոր չի, որ փոշին չանդրադառնա քաղաքի վրա:
Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխում, ճանապարհներ, աղմուկ… Այլ հանքավայրերի համեմատ էս ընկերության սոցիալական պատասխանատվության մասն ավելի ամուր ա, կառուցողական մոտեցում ունեն, բայց էս քաղաքը որպես կուրորտ ա ձևավորվել: Պարզ ա, որ ամերիկացիները, կանադացիները, անգլիացիներն ինվեստորների շահերը պաշտպանում են, բա էս էլ ա չէ՞ ինվեստիցիա»,- ասել էր ՀՀԿ-ական նախկին մարզպետը:
Մինչդեռ, տարիներ առաջ Ղազարյանն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կողմ էր արտահայտվել: «Ակնհայտ է, որ հանքավայրի շահագործումը, իբրև տնտեսական նախագիծ, բացառիկ է և արդյունավետ… Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական գործոններին, ապա դրանք պետք է կառավարվեն և նվազագույնի հասցվեն»,- ասել էր նա:
Նյութի աղբյուր՝ ՄԱՄՈՒԼ․am