ՀՅԴ-ն ծանր է տարել իշխանության կորուստը․ ՀՅԴ, ճիշտը լռելն է․․․

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, որով կառավարությանը կոչ է անում Ամուլսարի շահագործման վերաբերյալ Էլարդի եզրակացությունը «հալած յուղի տեղ չընդունել» եւ անցկացնել հանրաքվե: Հայտարարությունը շատ զգույշ է գրված: Սակայն կառավարությունը մեղադրվում է չկշռադատված գործողություններ ձեռնարկելու մեջ:

Իսկ ընդամենը մոտ երեք տարի առաջ ՀՅԴ ներկայացուցիչը բնապահպանության նախարար էր եւ զարմանում էր այն հարցի վրա, թե արժե՞ Ջերմուկի առողջարանային միջավայրում հանք բացել: Նա ասում էր՝ դա էմոցիոնալ հարթության վրա արված հարցադրում է, ես ի՞նչ կարող եմ անել, երբ կա ծրագիր (Լիդիանի շահագործման ծրագրի մասին է խոսքը-Ա. Գ.), որով նախատեսված է, որ ամբողջ գործընթացը մեր օրենսդրության շրջանակներում է արվել: Հիմա ի՞նչ է փոխվել: Օրենսդրությունը, համենայնդեպս, նույնն է, անվտանգության միջոցառումների մասին պահանջներն ավելի հստակ են ու կտրուկ, քան երեք տարի առաջ:

Ընդհանրապես, հայտնի է, որ ՀՅԴ-ն ծանր է տարել իշխանության կորուստը, չկա էն անպատժելիությունը, որով իրենք ՀՀԿ-ի հետ միասին «աշխատում» էին «ի բարօրություն» ՀՀ-ի: Բայց նման հայտարարություններն ինքնին վտանգավոր են ոչ այնքան անսկզբունքայնության առումով, որքան ՀՀ քաղաքացուն ոչ բանական կամ հիշողությունից իսպառ զուրկ արարածի տեղ դնելով: Լիդիանը պակաս անպատժելի չէր գործելու երեք տարի առաջ, որքան իշխանությունն էր անպատժելի: Հիմա Լիդիանը դրա հնարավորությունը չունի, հիմա շահագործման դեպքում աչքերը չորս արած հետեւելու է՝ հո մի կաթիլ թունավոր արտանետում չի՞ արձանագրվել ստորջրյա հոսքերի մեջ:

Հասկանալի է, որ ՀՅԴ-ն չի կարող ողջունել նոր կառավարության միգուցե որեւէ մտադրություն, սակայն դեպքեր կան, որ ճիշտը լռելն է: Դա դեպք էլ չէ, շանս է: ՀՅԴ-ն կամավոր զրկում է իրեն այդ շանսից՝ ավելի վատացնելով անսկզբունքայինի իր դրությունը: Ի՞նչ անենք: Լիդիանը ծափահարելու բան չունի: Ավելին, բացառված չէ, որ ինքն էլ ՀՅԴ-ին հիշեցնելու բաներ ունենա՝ որպես նախկին կառավարության թիմի անդամ կուսակցության: Ասենք, ինչու՞ չընդունել, որ երեք տարի առաջ, դե նույնիսկ տարի ու կես առաջ քաղաքացին ոչ մի կերպ չէր կարողանա բարեհաջող գործողության արդյունքում ամիսներով կաթվածահարել խոշորագույն ներդրողի աշխատանքը: Այսօր քաղաքացին եւ իշխանությունը երկիրը պատկերացնում են հանքարդյունաբերությունից զերծ, թեպետ յուրաքանչյուրը՝ յուրովի:

Տարի ու կես առաջ քաղաքացին կարո՞ղ էր իր այդ տեսլականով դուրս գալ փողոց ու համոզված լինել, որ իշխանությունն առնվազն իր փաստարկները կընդունի ի գիտություն: Չկար նման բան: Տարիուկես առաջ ինչո՞ւ տեսլականամոլ ՀՅԴ-ն էսպիսի բաներից չէր խոսում: Չէր խոսում, որովհետեւ խոսելու կամ լռելու հետ ի՞նչ կապ ուներ Ամուլսարը՝ կար հանուն «ընդհանուր շահի» խոսելու կամ լռելու քվոտա: Իսկ այսօր լռելը կհասկացվեր: Կամ, համենայնդեպս, խոսելիս պետք էր սեփական կերպարի մեջ տեսնել ոտքերն ամպոտ քաղաքական ուժին: Բայց էդպես չի, չէ՞:

Նյութի աղբյուր՝ ILur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ