«Էնքան եք կովի ականջին ասել՝ Ամուլսարն առանց հանքի, էլ էդ կովը ջուր կխմի՞». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ քննարկել իրավիճակի լուծման տարբերակներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նաև հանդիպել է Ջերմուկի հրապարակում հավաքված քաղաքացիներին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցն այն միակ հարցն է եղել, որի հետ կապված իրեն ուղղված բոլոր նամակներն անձամբ կարդացել է:

Կառավարության ղեկավարն առաջարկել է Ջերմուկի բնակչությանը ձևակերպել եզրակացության հետ կապված հարցերը, որոնք կբարձրացվեն խորհրդակցության ժամանակ: «Չնայած, ըստ էության, հարցերը հրապարակային կան, և մենք էլ կարող ենք հավաքել այդ հարցերը. եթե դուք օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցության սղագրությունը կարդացել եք, տեսել եք՝ հարցերը, որ դուք տալիս էիք մեր հանդիպման ժամանակ, ես բարձրացրել եմ այդ խորհրդակցության ժամանակ: Հանդիպումը կլինի, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, դա կհրապարակենք և կխոսենք», — ասել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունն անձամբ է անցկացնելու՝ այնպես, որ հստակ պատասխաններ հնչեն և տարընթերցումների տեղիք չլինի:

Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Իմ դիրքորոշումը մեկն է. եթե պարզվի, որ ճիշտ է, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու է, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել: Բայց եթե պարզվի, որ խնդիրը միայն այն է, որ պատուհանից ինչ-որ մի տանիք է երևում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ