«Տեր իմ և Աստված իմ,որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները…».օրվա աղոթք

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ,որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր Քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից:

Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այսօրը խաչ բարձրացար, Բանդ Աստված:

Եվ արդ, աղաչում եմ Քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս:

Մի՛ զգետնիր պատկերս, որին [կենդանության շունչ] փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր,հավիտենական տանջանքի, քանի որ Քոնն եմ, Տեր, և հույսս Դու ես, և Քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից:

Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ Ամենազոր Տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ