Կբերի՞ Ամուլսարի խնդիրը իշխանության ճամբարի պառակտման, տրոհման եւ ընդհուպ նոր կառավարության ու խորհրդարանի ձեւավորման անհրաժեշտության: Համացանցում արդեն իսկ քննարկվում են այդօրինակ սցենարներ եւ դրանց տանող ճանապարհներ, ինչի հիմքն այն է, որ Ամուլսարի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը դեմ են նաեւ Իմ քայլը խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ:
Ըստ այդմ, եթե առաջանա խորհրդարանական մեծամասնության ճգնաժամ, դա բնականաբար կառաջացնի քաղաքական ճգնաժամ, որի հանգուցալուծման տարբերակ կարող է մնալ արտահերթ ընտրությունը:
Մնում է հասկանալ՝ Ամուլսարի հարցն ա՞յն է, որը կբերի, կհասունացնի այդ սցենարը, թե՞ իրավիճակի այդօրինակ զարգացման շուրջ դիտարկումները չափազանցություն են, երեւակայություն, կամ ցանկալին իրականության տեղ մատուցելու ջանք: Հնարավոր է բոլորը միասին, որովհետեւ խորհրդարանի արտահերթ ընտրության հարցում շահագրգռված են գործնականում բոլոր քաղաքական ուժերը՝ կառավարող ուժից բացի, եւ ամենեւին զարմանալի չի լինի, եթե այդ ուժերը փորձեն Ամուլսարի խնդիրը դիտարկել ընդհանուր շահի սպասարկման ամենահարմար պահ:
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո եւս մեկ հնարավոր արտահերթ ընտրության մասին բաց տեքստով խոսում էր երկու ուժ՝ Սասնա ծռեր կուսակցությունը, որի հետ ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը այդ թեմայով ունեցավ նաեւ հեռակա բանավեճ, եւ Ռոբերտ Քոչարյանը, որն իր տարբեր հարցազրույցներում եւս Հայաստանում իբրեւ սցենար ներկայացրել է արտահերթ ընտրության անխուսափելիությունը:
Հետաքրքիր է այն, որ թեման զուգահեռ շոշափվում է նաեւ ռուսական տեղեկատվական դաշտում եւ մասնավորապես Ռեգնում տխրահռչակ տիրույթում, ինչը եւս հասկանալի է: Հայաստանում Ամուլսարի դիլեման ամենեւին առանցքայինն ու ամենան չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից կամ ինչպես փորձ են անում ներկայացնել տարբեր շրջանակներ:
Ամենաթեման հայ-ռուսական հարաբերութայն վերափոխումն է, այդ հարաբերության բնույթի փոփոխությունը, որը ենթադրելու է նաեւ հարաբերության այսպես ասած «սուբյեկտների» ստատուս-քվոյի փոփոխություն: Սուբյեկտային այն կազմը, որ կար հայ-ռուսական հարաբերության տիրույթում եւ որը վերախմբավորելու փորձ էր ոչ պակաս տխրահռչակ Լազարեւսկի կոմիտեն, ոչ թե հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերության, այլ Հայաստանի վասալության երաշխիքն է: Ընդ որում, թերեւս բավականին բարձր վարձատրվող երաշխիքը, այն էլ գուցե տարբեր աղբյուրներից:
Հայաստանում թավշյա հեղափոխության թավշային գլխավոր առանցքը հենց հայ-ռուսական հարաբերության առավելագույնս սահուն տրանսֆորմացիայի ապահովումն է՝ վասալայինից միջպետական-դաշնակցայինի: Որովհետեւ եվրասիական տարածությունում, կամ Ռուսաստանի գեոքաղաքական հետաքրքրությունների տիրույթում, գործնականում չկա թավշյա տրանսֆորմացիայի նախադեպ: Հայաստանում այն ձեւավորվում է: Բոլոր հարվածներն ուղղված են այդ գործընթացին: Առայժմ դրանք ունեն բումերանգի էֆեկտ: Դիտարկու՞մ է կառավարող ուժը արտահերթ ընտրության հնարավորությունն ու դրանում էլ բումերանգի էֆեկտի ապահովումը: