Աներկբա է, որ Ամուլսարի հարցում բնապահպանությունն ու քաղաքականությունը միախառնված են ավելի վաղուց, քան թավշյա հեղափոխությունը: Ծրագիրն այդ առումով քաղաքականապես խիստ բազմաշերտ է հենց սկզբից, պայմանական՝ 2013-14 թվականներից, երբ ընթանում էր հանքի շահագործման թույլտվության գործընթացը եւ Լիդիան Արմենիա ընկերությունը՝ այն ժամանակ Գեոթիմ, ստանում էր դրա իրավունքը:
Խոշոր հաշվով, մոտ 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը չէր կարող Հայաստանում չլինել քաղաքական, այն էլ խոշոր քաղաքական, այն էլ արեւմտյան կամ ոչ ռուսական ներդրումային ծրագիրը: Եվ այն էլ Հայաստանի ներքաղաքական կյանքի մի փուլում, երբ գագաթնակետին էր հասնում ոչիշխանական բեւեռի դիմակայությունը նույն համակարգի իշխանական բեւեռի հետ: Այդ դիմակայության մեխը Հայաստանի եվրասիականացումն էր, որի ավարտից հետո Կրեմլը շատ հստակ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը կարող է ցրել այդ բեւեռը, ինչը տեղի ունեցավ 2015-ի փետրվարի 12-ի նրա հայտնի ելույթով:
Մինչ այդ, Հայաստանի ներքին կյանքում Սերժ Սարգսյանը կանգնած էր բարդագույն մարտահրավերի առաջ՝ տնտեսական աննախադեպ անկում 2008-09 թվականներին՝ 14 տոկոս, դրանից հետո տնտեսական աճի տեմպի անթույլատրելի դանդաղություն, ռեսուրսների, փողի, ներդրումների բացակայություն, եւ դրան զուգահեռ փողի խնդիր չունեցող ոչիշխանական «ընդդիմադիր» բեւեռի ձեւավորում:
Այդ իրողության վրա տեղի էր ունենում Հայաստանի Եվրասոցացման գործընթացը, ինչի շնորհիվ Սերժ Սարգսյանը փորձում էր բալանսավորել թե ներքին, թե ռեգիոնալ քաղաքական-անվտանգային վիճակը: Որովհետեւ Հայաստանում իշխանական բեւեռի դեմ ոչիշխանական բեւեռի պայքարի գագաթնակետին զուգահեռ գագաթնակետին էր մոտենում նաեւ ռեգիոնալ բալանսի խախտմամբ ռուս-ադրբեջանական-թուրքական եռանկյունու գործարքը: