Հանրապետականների հայտարարությունները՝ դեմագոգիա. փորձ է արվում թոթափել մերժվածի խարանը
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հարցազրույցում ակնարկել է Սերժ Սարգսյանի հավանական ձերբակալության մասին։ «Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։
Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»,- ասել է Մինասյանը։ Նրա հայտարարությունից հետո թեմայի շրջանակներում գրառումներ արեցին Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Մարտի մեկի գործով հրապարակված ցուցմունքների համաձայն, Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, էական դերակատարություն է ունեցել, և չի բացառվում, որ քննիչները նման միջնորդություն ներկայացնելու հիմքեր ունենան։ Որոշ շրջանակների ակտիվությունը, նրա խոսքերով, պայմանավորված է նախ և առաջ կանխելու, երկրորդ՝ արդեն ապագային միտված քաղաքական դիվիդենտներ ձեռքբերելու համար։
«Հիպոթետիկ ընդունենք, որ Սերժ Սարգսյանը ձերբակալվում է, ապա նույն մուղամն են երգելու, ինչ երգեցին Քոչարյանի ժամանակ, թե սա քաղաքական հետապնդում է, անձեռնմխելիություն, վենդետա և այլն։ Եվ դրա համար օր առաջ հայտարարություններ են տարածում Նոստրադամուսի պատմուճանի ներքո»,- ասաց քաղաքագետը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել․ «Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը։ Ինքը նստելու խնդիր չունի։ Ինքը մշտապես եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ժողովրդի շահը՝ խրամատում, պետության ղեկին, թե զնդանում»։
Քաղաքագետի խոսքերով՝ սա քաղաքական դեմագոգիայի շարքից է, որովհետև Հայաստանում նստում են կոնկրետ բան անելու համար, առերևույթ հանցագործություն կատարելու համար։ «Այս ամենը ոչ այլ ինչ է, քան հռետորաբանություն, ընդ որում՝ բավականին դատարկ և անբովանդակ հռետորաբանություն, օդի տատանումներ են, ուրիշ ոչինչ»,- նշեց քաղաքագետը՝ բացառելով, թե հանրային որևէ աջակցություն կարող են նրանք ակնկալել․ «Նախկինում հրապարակային դաշտում ակտիվ որոշ պերսոնաժներ տեղի-անտեղի մեկնաբանություններ անելու բայղուշության մակարդակի են իջել։
Նրանք ուղղակի լուծում են իրենց ակտուալության պահպանման խնդիրը, քաղաքականության մեջ չեն ուզում լինել երիտասարդ թոշակառու, բայց կյանքը նրանց դարձրել է այդպիսին, իսկ իրենք չեն հաշտվում իրենց ճակատագրի հետ և նման հռետորաբանությամբ իրենց հոգեբանական կոմֆորտի հարցն են ուզում լուծել, բայց հանրությանը դա առանձնապես չի հուզել և չի էլ հուզելու»։
Անդրադառնալով Միքայել Մինասյանի այն դիտարկմանը, թե Հայաստանում վրեժխնդրություն է տեղի ունենում, քաղաքագետը նշեց, որ Մինասյանը օրիգինալ չէ իր այդ թեզերով, հեղափոխության հաջողության հաջորդ իսկ օրը այդ թեզերը շրջանառվում են և դրանք Միքայել Մինասյանի հեղինակային թեզերը չեն։ Ըստ նրա՝ այսպես ասելու իմաստը մեկն է՝ ՀՀԿ-ն իր վրայից դրանով փորձ է անելու թոթափել մերժվածի խարանը և դիրքավորվել որպես սովորական քաղաքական ուժ, որն իրենց մոտ չի ստացվում․ «Եթե հիշում եք, հեղափոխությունից հետո ում գործից հանում էին, ասում էին՝ վրեժխնդրություն է, պառլամենտը ցրելը վրեժխնդրություն է, ծանր հանցագործության մեջ մեղադրվողների հանցանքը վրեժխնդրություն է։ Սա որևէ մեկին չի տպավորում, Միքայել Մինասյանն էլ՝ ի շարս այդ շրջանակի, փորձում է իր ակտուալության պահպանման հարցը լուծել, բայց հասկանալի է՝ հոգեբանական կոմֆորտ ապահովելու տեսակետից, բայց ոչ ավելի»։
Նյութի աղբյուր՝ 1in.am